Եռաբլուրում քարերից ինձ ժպտացող տղաների հայացքներին նայել չեմ կարողանում․ արցախցի կամավոր 

Եռաբլուրում քարերից ինձ ժպտացող տղաների հայացքներին նայել չեմ կարողանում․ արցախցի կամավոր 

«Անասելի ծանր օրեր էին շրջափակման 9 ամիսները։ Մայր Հայաստանից կտրված, Եռաբլուրում՝ ամուսնուս գերեզմանը, որին չէի կարողանում այցելել, իսկ մյուս կողմում Արցախն էր, տղաս, ով ամեն օր ինձանից քաղցրավենիք էր ուզում։ Իսկ ես փախցնում էի հայացքս, փորձում արդարանալ, ասելով որ ծանր ժամանակները ուժեղ տղաների համար են»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Նունե Լալայանը։

2020 թվականի պատերազմում Նունեն կորցրեց ամուսնուն՝ Ռոմային և միայնակ սկսեց մեծացնել որդուն։ Արդեն հարմարվել էր իրականության հետ և որդու հետ ամեն ամիս գալիս էին Երևան։

Ամուսինը հուղարկավորվել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Արցախի պաշարումը փոխեց ամեն ինչ։ «Դեռևս 2022 թվականի դեկտեմբերից սկսած ու չհանգուցալուծվող բլոկադան, սննդի պակասը, հացի հազարավոր հերթերը, դեղորայքի բացակայությունը, վառելիքով պայմանավորված տրանսպորտային միջոցների երևեկության բացակայությունը, դրան զուգահեռ թշնամու ակտիվ քարոզչությունը մեդիահարթակներում, որ ՊԲ բանակը ամրաշինական աշխատանքներ է կատարում: Ինքն էլ իր հերթին ծանր զինտեխնիկա ու զորք էր կուտակում սահմանին։ Ինձ համար պարզ գծագրված էր մոտալուտ պատերազմի ուրվականը, չնայած ենթագիտակցությունս ամեն կերպ հրաժարվում էր ընդունել սա»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Սեպտեմբերի 19-ը Նունեի համար հերթական աշխատանքային օրն էր։

Գործընկերուհին ասել էր, որ սահմանն անհանգիստ է։ Կինը չգիտեր իր դպրոցահասակ երեխայի մասին մտածեր, թե՞ եղբայրների, որոնք ծառայում են ԱԱԾ և ՊԲ ստորաբաժանումներում։ 

«Մի կերպ կապվեցի ավագ եղբորս հետ, նա ինձ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, չնայած ձայնի մեջ խաղաղություն չկար։ Հիմնական աշխատավայրիցս դուրս եկա, որ գնամ դպրոց դասի, որտեղ աշխատում էի համատեղությամբ։ Ուղիղ կեսօրին առաջին արկերը ընկան Ստեփանակերտի վրա ու քաղաքը կորավ ծխի մեջ։ Մտա դպրոցի շենք, տեսա, որ աշակերտներին նկուղ են իջեցնում, հանեցի բարձրակրունկ կոշիկներս ու հրետակոծության տակով ոտաբոբիկ սկսեցի վազել դեպի ֆիզմաթ հատուկ դպրոց, որտեղ իմ երեխան էր»։

Նունեն չի գտնում երեխային, ու նորից նույն ճանապարհով վերադառնում է աշխատավայր։

Քաղաքային համարներից փորձում է կապ հաստատել ուսուցիչների, ընկերների, եղբայրների ու հարազատների հետ։ Որոշ ժամանակ անց ընկերուհին պատահական նկուղից գտնում և Նունեի մոր մոտ է բերում երեխային։ Կինը պատմում է, որ հրետակոծությունն ու օդային տագնապն այդ ընթացքում չէր դադարում, անընդհատ կրակում էին հրետանային միջոցներից՝ բոլոր ուղղություններով։ 

«Գիշերը, գործընկերուհիներիս հետ մնացինք աշխատավայրում։ Եղբայրներիցս լուր չկար։ Ներքին աղբյուրներից ստացված ինֆորմացիայից պարզ էր, որ թշնամին առաջխաղացում ունի որոշակի ուղղություններով, շրջափակման մեջ էր Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ հատվածներ։ Ու ամեն մի րոպեն դառնում էր օրհասական։ Պաշտպանության բանակը, աշխարհազոր ուժերը կենաց ու մահու կռիվ էին տալիս»,- ասում է Նունեն։ 

Հետո եկավ սեպտեմբերի 20-ը։ Թշնամին համաձայնել էր դադարեցնել գրոհը, եթե ՊԲ-ն զենքը վայր դներ ու հանձներ։ Մարտունու շրջանի այն հատվածից, որտեղ Նունեի հարազատներն էին իրենց ընտանիքներով, հակասական տեղեկություններ էին գալիս։ Շրջաններից տարհանված բնակիչները խոշոր հաշվով հոգածության կարիք ունեին, կամավորներ էին պետք։ Նունեն կամավորական ճակատում գրվեց առաջինը։

«Սեպտեմբերի 21-ից սկսեցինք փրկարար ծառայության աշխատակիցների հետ հավաքագրել այն մարդկանց տվյալները, որոնց մասին տեղեկություն չկար։ Դրան զուգահեռ, նաև հոգ էինք տանում նկուղներում պատսպարված, սոված, տուն-տեղ կորցրած մեր հայրենակիցների մասին։ Դրանք ծանր օրեր էին, տեղահանված հազարավոր քաղաքացիներ մնացել էին դրսում, կապ չկար ոչ մի շրջանի հետ։ Զոհեր, վիրավորներ։ Օրվա մեջ մի քանի րոպեով տուն էի վազում ու ետ գալիս աշխատանքի։ Ես ինձ հույս էի տալիս, որ սա չի կարող վերջը լինել, սակայն իրականությունն այլ էր»,- հիշում է Նունե Լալայանը, ավելացնում, որ այս ամենը տեսնելով, հասկանում էր, որ խաղաղ բնակչության գլխին կախված էր ցեղասպանվելու վտանգը, իսկ տեղահանումը դառնում էր անխուսափելի։ 

«Սեպտեմբերի 25-ին գործից տուն գալուց շենքի բակի հարևանների հարցերին պատասխանելու փոխարեն սկսել եմ բարձրաձայն լացել։ Ես այդպես շատ քիչ եմ լացել, դա անզորության, բողոքի կուտակված ճիչ էր։ Տեղահանվելու ողջ ճանապարհին փակել եմ աչքերս, այդպես ձգտելով մերժել իրականությունը։ Կամուրջը հատել եմ անզգայացած։ Դա վախ չէր, այլ հոգին մարմնից պոկելու զգացողություն էր։ Մարմինս անհոգի անզգա էր արդեն»։ 

Նունեն, որ օրեր շարունակ Ստեփանակերտում հոգ է տարել տնանկներին, հիմա նույնը ստանում է Հայաստանի հայրենակիցներից, պատված է սիրով ու ջերմությամբ, բայց. «Ամուսնուս շիրիմին այցելում եմ մեղքի զգացումով, ծանրացած խղճով, գլխիկոր։ Քարերից ինձ նայող ժպտացող տղաների հայացքներին նայել չեմ կարողանում։ Ապրում եմ երկատված կյանքով` մարմինս Հայաստանում է, հոգիս ու մտքերս Արցախի մեր լեռներում»։

Հունան Թադևոսյան