Կադաստրի կոմիտեն «Ակադեմիական քաղաքի» պատճառով խոչընդոտում է Էկո ավանի կառուցումը

Հայաստանում գործող Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպությունը երեք տարի է՝ էկոտներից բաղկացած ավաններ է կառուցում Հայաստանի տարբեր հատվածներում։ Այդպիսի ավաններ ունեն կառուցած Գյումրիում, Պռոշյանում, հիմա էլ ցանկանում են Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում կառուցել, սակայն Կադաստրի կոմիտեն խոչընդոտներ է հարուցում դրա համար։ 

Պատճառը «Ակադեմիական քաղաքն» է, որը պետք է կառուցվի էկոավանի հարևանությամբ։ Այդ ավաններում, նշենք, կարող են մատչելի գներով բնակարան ձեռք բերել նրանք, որոնք չունեն մայրաքաղաքի նորակառույց թաղամասերում ասղտաբաշխական գներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն։

Կազմակերպության նախագծերի տնօրեն Դավիթ Պետրոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Աշտարակի համայնքապետարանից, ԿԳՄՍ նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացել են բոլոր թույլտվություններն ու հավանությունը ծրագրի համար, և միայն Կադաստրի կոմիտեն է, որ իրենից հասանելիքը չի անում, այն է՝ գյուղատնտեսական նշանակության հողի նշանակությունը փոխել, դարձնել կառուցապատման ենթակա հող։ Իրենց բազմաթիվ նամակներն ու դիմումները Կադաստրի կոմիտեից անպատասխան կամ առանց հիմնավոր պատասխանի են թողել մինչ այժմ, ինչից էլ տուժում է ծրագիրը։

Մոտ 1500 էկոտնակ է կառուցվելու այնտեղ, այսինքն՝ այդքան ընտանիք սպասում է, որ տուն ստանա, սակայն Կադաստրի կոմիտեի կողմից հարուցվող անհասկանալի խոչընդոտների պատճառով ծրագիրն այժմ կանգ է առել։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան