Հայաստանը՝ «խաղից դուրս»․ նոր սպառնալիք՝ Արցախի համար

Հայաստանը՝ «խաղից դուրս»․ նոր սպառնալիք՝ Արցախի համար

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը երեկ հանդիպել է ռուսական զինվորական պատվիրակությանը՝ Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր փոխհրամանատարի՝ Ալեքսեյ Կիմի ղեկավարությամբ, ով նաև համակարգում է ռուսական բանակի խաղաղապահ գործունեությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության դրույթները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։ «Կողմերը հանգամանալից քննարկել են Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման գործընթացը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն»,- հայտարարում է պաշտոնական Բաքուն։

Ռուսական կողմն առայժմ հանդիպման և քննարկված հարցերի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել, իհարկե՝ պաշտոնական Մոսկվան չի հերքել նաև Բաքվի տարածած հաղորդագրությունը։
Ավելի պարզ լեզվով նկարագրենք Ադրբեջանի տարածած հաղորդագրության բովանդակությունը։
Մոսկվան ու Բաքուն առանց Երևանի, ըստ էության քննարկում են ՊԲ կազմալուծման հարցը։ Գազի քաղաքական հետևանքը կարող է սա լինել, Աստված մի արասցե` գուցե Լաչինի միջանցքի փակման հարցը։

Նախ, էական ու նոր սպառնալիք է ստեղծվում Արցախի ու մեր հայրենակիցների համար, հետո՝ Հայաստանի ռազմա- քաղաքական ղեկավարությունը պետք է պարզաբանի, թե՞ ինչպես է պատահում, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը քննարկում են այն ստորագրող երեք երկրներից երկուսը՝ առանց Հայաստանի։

Միթե՞ Հայաստանի սուբեկտությունն այնքան մեծ անկում է ապրել, որ բոլորը պայմանավորվում են մեր ազգային, պետական շահերի հաշվին, իսկ ԱԳ նախարարը ընդհանուր դատողություններ է անում խաղաղության օրակարգի մասին՝ առանց պաշտոնական Երևանի «կարմիր գծերը» սահմանելու։ Հայաստանի իշխանության նման վարքագիծը որևէ աղերս չունի արժանապատիվ խաղաղության հետ ու ենթադրում է Նոյեմբերի 9-ի տրամաբանության զարգացում, երբ Բաքվի օրակարգը սպասարկվում է՝ Հայաստանի միակողմանի զիջումների հաշվին։

Վահրամ Բագրատյան