Խաչատուրովը ձերբակալվել է. բանակի դեմ արշավը շարունակվում է

Խաչատուրովը ձերբակալվել է. բանակի դեմ արշավը շարունակվում է

Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը դատարան կալանքի ներկայացնելու համար:

Ի դեպ, իշխանությունն, ըստ ամենայնի, ունի պատրաստի սցենար, որովհետև արդեն ժամեր անց դատարանը քննարկելու է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, իսկ այս ընտանիքի գրեթե բոլոր անդամների դեմ «խաչակարաց արշավանքը» Նիկոլ Փաշինյանի իշխանության «առաջնահերթություններից» մեկն է ու կասկած չկա, որ այս անգամ «կապիտուլյացված» դատական համակարգը մինչև վերջ կատարելու է Փաշինյանի պատվերը:

Յուրի Խաչատուրովի որդին լինելուց զատ, Գրիգորի Խաչատուրովը հայկական բանակի հաջողված գեներալներից, կորպուսի հրամանատարներից մեկն էր, ում գլխավորությամբ 2020-ի հուլիսին տեղի ունեցան Տավուշի իրադարձությունները, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում:

Այն ժամանակ Փաշինյանը փիառվում էր Խաչատուրովի հաշվին, պատերազմից հետո Փաշինյանը հետևողականորեն հեղինակազրկում է բանակին, նրա սպաներին: Այս համատեքստում Գրիգորի Խաչատուրովն ազատվեց բանակային ծառայությունից, հիմա կալանավորվում է:

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» նպատակը ոչ թե մեր ժողովրդի անվտանգությունն է, այլ բանակի ոչնչացումը, նրա սպաներին հեղինակազրկելն ու վարկաբեկելը:

Վահրամ Բագրատյան