Սադրիչներն ասում են՝ ՀՀ-ն դառնալու է երկրորդ Ուկրաինա․ ուզում են մեր կապերը իսպառ խզվեն․ հայացք Մոսկվայից

Մոտ ժամանակ հնարավոր է Իրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացվի։ Այս լուրը երեկ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական Երևանն է հաստատեց՝ առաջարկ ստացել է։
MediaHub-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը բաց թողեցին «3+3» ձևաչափի հնարավորությունը դեռ 2013 թվականին, քանի որ այդ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հնարավոր կլիներ կանխել։
«Երևանի Եվրասիական փորձագիտական ակումբը «3+3» ձևաչափը հռչակեց դեռ 2012 թվականին և պնդեց այս ձևաչափը, քանի որ միայն նման ձևաչափը կարող էր կայունացնել իրավիճակը Հայաստանում։ Բայց ցավոք՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունները չլսեցին, և այս ձևաչափը նորից ի հայտ եկավ 2021 թվականին, բայց արդեն Էրդողանի առաջարկներում։ Ռուսաստանն ու Հայաստանը բաց թողեցին «3+3» ձևաչափի հնարավորությունը: Եվ եթե այս ձևաչափը ստեղծվեր 2013 թվականին, ապա մի փոքր ավելի ուշ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հնարավոր կլիներ կանխել, մինչդեռ Հայաստանում 10 տարի ուշացումով սկսեցին խոսել այդ մասին»,- ասաց Լեպեխինը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանը լրիվ փակուղում է, նույնը նաև Ռուսաստանը։ Իսկ «3+3» ձևաչափը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի ազգային շահերին, և այն պետք է խթանվի, քանի որ կայունությունը տարածաշրջանում կախված է հենց այն պետություններից, որոնցից իրականում կազմված է այս տարածաշրջանը։ Լեպեխինը նշեց՝ առաջին երեքը՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, Հարավային Կովկասի կենտրոնն են, պետություններ, որոնց միջև հակասություն և լարվածություն կա, և 3 երաշխավոր երկրները, որոնց խնդիրն է ապահովել հակամարտողների միջև երկխոսությունը։
«Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի մասնակցությունը, մինչև վերջերս Ռուսաստանը կարող էր ապահովել Հայաստանի մասնակցությունը, Իրանը հանդես է գալիս որպես չեզոք կողմ։ Մինչև 2020 թվականի պատերազմը այս ձևաչափը տրամաբանական էր, քանի որ այն ժամանակ կար 2 կապ՝ Թուրքիա-Ադրբեջան և Ռուսաստան-Հայաստան, իսկ հիմա կապերը խզվել են, և այս ձևաչափը չի գործելու։ Կարևոր է, որ արտաքին ուժեր չգան այս տարածաշրջան, Հայաստանի սխալն այն է, որ նա փորձում է տարածաշրջան մտցնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Եվրամիությանը և այլն։ Եվ այս բոլորը կործանարար գործընթացներ են, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա»,- ասաց քաղաքագետը։
Ըստ ռուսաստանցի քաղաքագետի, մենք պետք է ոչ թե նայենք դեպի Արևմուտք և ներգրավենք ինչ-որ իրավիճակային խաղացողներին, որոնք կսպասարկեան իրենց շահերը, այլ զարգացնենք «3+3» ձևաչափը, իսկ յոթերորդն այստեղ ավելորդ է։ Փաշինյանի հեռանալուն պես հնարավորություն և պայմաններ կստեղծվեն, ասում է նա, որ Հայաստանն ու Ռուսաստանը նորից սկսեն իրավիճակային փոխգործակցությունը, իսկ Փաշինյանի օրոք անհնար է միմյանց հետ հարաբերություններ հաստատել։
«Դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը կփոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը մի երկիր է, որը ոչ մեկի հետ չի հանդիպում, բայց նաև երես չի թեքում ու չի խզում հարաբերությունները։ Ռուսաստանը նույնիսկ նրանց, ում հետ պատերազմ է մղում, օրինակ՝ Ուկրաինայի հետ, չի խզում կապերը։ Ով ասում է, որ Հայաստանը դառնալու է երկրորդ Ուկրաինա՝ սադրիչներ են, ովքեր ուզում են, որ Հայաստանի ու Ռուսաստանի կապերն իսպառ խզվեն։ Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ չկան, Հայաստանը չի սպառնում ՌԴ-ին նացիստներով»,- եզրափակեց Լեպեխինը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթից հետո, երբ հերթական անգամ նա մեղադրեց ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ֆոնին անգործության համար, Ռուսաստանից եղան զգուշացումներ՝ Հայաստանը, կարծես, դառնում է երկրորդ Ուկրաինա։
Մարիաննա Արամյան