Ադրբեջանի նշած ժամին ես եղել եմ դիրքերում, հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի պայմանավորվածությունը

Ադրբեջանն այսօր հերթական հաղորդագրությունն է տարածել, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Դրան ի պատասխան, ՀՀ ռազմական գերատեսչությունը պատասխան հաղորդագրությամբ հերքել է լուրը, նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը։
MediaHub-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի ներկայացուցիչների հետ։
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը մեզ փոխանցեց, որ Հայաստանի զինուժը հետևողականորեն պահպանում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Իրենց նշած ժամին ես եղել եմ դիրքերում։ Մեր գյուղի հարակից դիրքերից մինչև Սև լճի տարածք ձգվող սահմանն ամբողջությամբ հսկվում է, և որևէ կրակոց չի եղել։ Եթե մեկ-մեկ կրակոցներ լինում են, դրա խախտողն իրենք են։ Ճիշտ է, հաճախակի չեն, բայց մեկ-մեկ ավտոմատով օդ են կրակում»,-նշեց Միրզոյանը։
Ո՞րն է այս ամենի նախերգանքը:
«Պարզ է մեկ բան․ Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ սադրանքի համար։ Դրա մասին «Արմենպրես»-ին տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արդեն անոնսավորել է»,-MediaHub-ին ասաց վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը, նշելով, որ եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում կատարել Ադրբեջանի պահանջները, ապա անհրաժեշտ են շատ ավելի գործուն քայլեր, քան ադրբեջանական ապատեղեկատվության հերքումները, և բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանին ուղղված քննադատությունները:
Հունան Թադևոսյան