«Ինձ բերման չե՛ն ենթարկել»․ Պեմզաշենում դաժանաբար uպանված ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել

Այսօր հայտնի դարձավ, որ Պեմզաշենում դաժանաբար սպանված մոր և երկու երեխաների ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել վերջին դատավարությունից հետո, և նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։
MediaHub-ը կապ հաստատեց Սևակ Մելիքսեթյանի հետ, ով նշեց, որ ամենը նորմալ է։
–Այսօր հայտնի դարձավ, որ Ձեր և Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել, ի՞նչ էր տեղի ունեցել։
–Ոչինչ չեմ կարող ասել, ամենը նորմալ է։
–Ձեր հե՞տ է կապված եղել միջադեպը։
–Չէ, իմ հետ ոչինչ էլ կապված չի եղել, բան էլ չկա, ամենը նորմալ է։
–Գրված էր, որ բերման են ենթարկել մասնակիցներին, Ձեզ էլ էին բերման ենթարկե՞լ։
–Չէ, բերման չէին ենթարկել, ամենը նորմալ է։
–Իսկ դատավարությունից ի՞նչ նորություն կա, ո՞ր փուլում է այժմ։
–Դատավարությունն ընթանում է, սաղ նորմալ է, վկաների փուլն ենք, արդեն վկաների փուլն ավարտում ենք։
Ինչպես այս երկխոսությունից է պարզ դառնում՝ Սևակ Մելիքսեթյանն այնքան էլ հակված չէ փակագծեր բացելու, թե ի՞նչն է եղել ծեծկռտուքի պատճառը:
MediaHub-ը դիմեց նաև ՔԿ–ին, հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել Սևակ Մելիքսեթյանի և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում նշանակված դատական նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, 2 տարի առաջ Հայաստանը ցնցվեց դաժան ու սահմռկեցուցիչ սպանության լուրից. 2022 թվականի նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…
Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։
Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել են Զարինեի անչափահաս դստերը:
Մարիաննա Արամյան