Աղաջանյանը՝ մարիոնետի դերում

Աղաջանյանը՝ մարիոնետի դերում

Արցախի իրադարձությունների հետ կապված երեկ ասուլիս է տվել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։  Անշուշտ, ողջունելի է այն փաստը, որ գոնե այս անգամ պաշտոնական Երևանն ինչ-որ տեսակետ ներկայացրեց՝ անկախ դրա բովանդակությունից։ Սակայն առնվազն տհաճ էր այն նկատելի միջամտությունը, որ ակներև էր ասուլիսի ընթացքում։ Նկատելի էր, որ ինչ- որ մեկը(մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը) զանգով կամ մեսսինջերով անընդհատ «ուղղորդում» էր Աղաջանյանին։ 

Եթե խնդիրը մասնավոր լիներ, հաստատ անդրադարձ չէինք կատարի, բայց, այսպես կոչված, «հեռախոսային կառավարումը» դարձել է Նիկոլ Փաշինյանի գործելաոճը, ձեռագիրը ու դա նկատելի է ամեն քայլափոխի։ 
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները Փաշինյանի ցուցումով ելույթներ են ունենում ու հարցեր են տալիս կառավարության անդամներին, նախարարները, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, երբեմն «խմբագրում» են իրենց պատասխանները՝ վարչապետի ուղղակի միջամտությունից հետո։ Այդպիսի մի դրվագ արձանագրվեց ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ոչ միայն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «խմբագրեց» իր պատասխանը, այլ նաև՝ Փաշինյանի ցուցումով, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը որոշեց «ուղղել» Միրզոյանին՝ չնայած ամբիոնին էր մոտեցել պատգամավորի միանգամայն այլ հարցի պատասխանելու նպատակով։

«Հեռախոսային կառավարման» ավտորիտար պրակտիկան գետնին է հավասարեցրել իշխանության բոլոր ինստիտուտների հեղինակությունը։ Իշխանության մեջ, Փաշինյանից բացի, այլ գործող անձ չկա, մյուս բոլորը դարձել են նրա քմահաճույքի պատանդները, մարիոնետները։ Սա ողբերգություն է մեր պետականության, քաղաքական մշակույթի համար։

Վահրամ Բագրատյան