«Փակ նիստերի» ինտրիգը․ Փաշինյանը չի ուզում նեղացնել Ալիևին

Ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի ընթացքում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այս մասին նախօրեին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ընթացքում հայտնել է վարչապետը: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է ՔՊ պատգամավորներից մեկը։ Ըստ կայքի աղբյուրի` Փաշինյանը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունը Եվրոպական միությանն է:
Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը երեքշաբթի օրը հատուկ է եկել ԱԺ ու իր թիմակիցներին «ավետել» իր ու Ալիևի ապրիլյան հանդիպման մասին, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, տապալի Ազգային ժողովում Արցախում ստեղծված իրավիճակ վերաբերյալ երեկ հրավիրված հատուկ նիստը։
Փաշինյանը պատրաստվում է Ալիևի հետ հանդիպման ու անում է առավելագույնը՝ Ադրբեջանի հասցեին Հայաստանի խորհրդարանում քննադատություն թույլ չտալու համար։
Խիստ «հրապարակային» իշխանության պարագայում՝ աբսուրդ է, երբ ԱԺ-ում փակ նիստերը դառնում են ավանդույթ։ Դա պայմանավորված է Փաշինյանի «խաղաղասիրական» օրակարգով։
Երբ երեկ ՔՊ-ն քվեարկում էր ընդդիմության նախաձեռնած հատուկ նիստը փակ ռեժիմով անցկացնելու օգտին, որևէ ռացիոնալ փաստարկ չէր բերվում, մանավանդ, որ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ, օրինակ, Արարատ Միրզոյանը գաղտնիության ռեժիմում չի ասել որևէ բան, ինչը պատգամավորները նրա շուրթերից չէին լսել մեկ օր առաջ, երբ ԱԳ նախարարը մասնակցում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դռնբաց նիստին։
ԱԺ-ն երեկ չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը:
Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում. «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»։
Դուք նման վիճակ տեսե՞լ եք․ ՔՊ խմբակցության ղեկավարը բառացիորեն ասում է, որ համաձայն են ընդդիմության հայտարարության գրեթե բոլոր դրույթներին, սակայն կողմ քվեարկել չեն կարող։ Ու նման անհեթեթ վարքագծի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում նեղացնել Ալիևին։
Վահրամ Բագրատյան