Հայ-ռուսական բարեկամությունը պետք չէ շփոթել օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ․ Բաբայան

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին լարվածության մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունն առավելություն չի համարում։ Պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ
«Ռուսաստանը չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»:
Ինչ հեռանկար ունեն հայ-ռուսական հարաբերությունները նման իրողություններում: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։
«Ռուսական ռազմաբազան մինչև 2044 թվական համաձայնագրով պետք է մնա ՀՀ տարածքում, այդ համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ խոսակցություններ, որ ռուսական ռազմաբազան կարող է այլևս չլինել Հայաստանում, նման խոսակցությունները, կարծում եմ, շահարկման կամ քաղաքական ենթատեքստ են հետապնդում: Որևէ ռեալ քայլ դրա ուղղությամբ արված չէ և ուղղակի փոթորիկ է մեկ բաժակ ջրում»,- ասաց Բաբայանը։
Ըստ նրա, հայ-ռուսական բարեկամությունը դարավոր է և տերմինաբանությունը, թե Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին, ընդունելի չէ, քանի որ Հայաստանը անկախ պետություն է և ունի իր օրակարգը: Եվ ի վերջո՝ ինչի՞ համար է պետք պատժել Հայաստանին։ Բայց, միևնույն ժամանակ նշեց նա, կարող են լինել որոշակի խնդիրներ այն դեպքում, եթե երկրի իշխանությունը ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն է վարում։
«Իշխանությունները ժամանակավոր են և խոսքը հայ-ռուսական բարեկամության մասին է։ Չմոռանանք, որ միլիոնավոր հայեր ապրում են ՌԴ-ում, չմոռանանք, թե ինչքան ռուսներ են այցելել և ապրում ՀՀ-ում, չմոռանանք և՛ էներգետիկ, և՛ անվտանգային, և՛ տնտեսական խոշոր գործընթացները, որոնք տեղի են ունենում ԵԱՏՄ-ի շրջանակներում և ՌԴ-ի հետ արտահանման և ներկրման պարագայում։ Այս ամենն այնքան համալիր ոլորտներ են, որոնք մեկօրյա կամ մեկ պաշտոնյայի հայտարարությամբ չեղարկվող կամ լուծարվող հարցեր չեն»,- ասաց նա։
Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը վերջին հարցազրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ-ում պետք է լիներ իշխանափոխություն, սակայն Մոսկվան, ըստ էության, տորպեդահարեց այդ գործընթացը և, փաստացի, Փաշինյանը պահեց իշխանությունը։
Բաբայանը չմեկնաբանեց Զատուլինի հայտարարությունը՝ նշելով, որ ՀՀ-ում իշխանափոխությունը որոշում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և որևէ այլ երկիր, այդ թվում Ռուսաստանը, իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքին գործերին։
«Հայ-ռուսական բարեկամությունը պետք չէ շփոթել օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ, մենք պետք է ավելի հեռու նայենք և անցյալը շատ չփորփրենք: Պետք է նայենք ապագային, թե ինչպիսի իշխանություն պետք է ունենա Հայաստանը, որ իր հարաբերությունները կառուցի այնպես, որ «Առաջին ալիքով» այնպիսի հաղորդումներ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի մասին վերջին հաղորդումն էր, լույս չտեսնի ու ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում կամ ուրիշ տեղեր»,- եզրափակեց Բաբայանը։
Մարիաննա Արամյան