Արցախը կրկին մնաց առանց գազի

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, ինչպես Արցախի տեղեկատվական կենտրոնն է պնդում՝ «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով»:
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի», - ասված է երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակված հաղորդագրությունում:
Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացրած իրավիճակը ու գնահատականը բավականին ադեկվատ են։
Համադրեք, մի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, մյուս կողմից` հայկական միջավայրում հայ- ադրբեջանական հարաբերություններին վերաբերող դիսկուրսի ողբալի մակարդակը ու ադրբեջանական նոր սադրանքի մոտիվը միանգամայն հասկանալի կդառնա։
Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն օգտվում է ռուս- ուկրաինական պատերազմի ստեղծած համատեքստից ու փորձում է առաջ մղել իր օրակարգը՝ ուժի սահմանափակ ցուցադրմամբ։
Ուկրաինական ճգնաժամի խորացումն ակնհայտորեն բերելու էր ուժերի բալանսի փոփոխություն նաև մեր տարածաշրջանում, ինչի ականատեսն ենք այս օրերին։
Հիմա աշխարհում միջազգային հարաբերությունների ու իրավունքի ճգնաժամ է։ Բաքվում համարում են, որ եթե Ռուսաստանը ռազմական գործողությունների միջոցով է փորձում առաջ մղել իր օրակարգը գլոբալ հարթության վրա, ապա ինքն առնվազն իրավունք է ստացել ուժի դիրքերից խոսել առանձին վերցրած մի տարածաշրջանում։
Նման իրավիճակում պաշտոնական Երևանն առավելագույնը պետք է անի նոր պատերազմի ռիսկերը չեզոքացնելու համար, ինչը գործնականում ենթադրում է հայ-թուրքական կամ հայ- ադրբեջանական դիալոգ։ Մյուս կողմից, այդ դիալոգը չպետք է ընթանա միակողմանի զիջումների տրամաբանությամբ, այլ իրապես հանգեցնի արժանապատիվ խաղաղության հաստատմանը։
Վահրամ Բագրատյան