«Հավերժ կարոտով սպասում եմ մեր մյուս հանդիպմանը»... Լեռնիկի մասին կինը անցյալով չի խոսում

«Հավերժ կարոտով սպասում եմ մեր մյուս հանդիպմանը»... Լեռնիկի մասին կինը անցյալով չի խոսում

Լեռնիկ Ղահրամանյանի մասին կինը երբեք անցյալով չի խոսում, ասում է նա ներկա է մի՛շտ, ապրում է անգամ իր 2 և 3 տարեկան երեխաների հուշերում։ 

Ստեփանակերտցի Նարինեն հիացմունքով է պատմում ամուսնու մասին, նրա հոգատարության ու մեծահոգության մասին խոսելիս, հաճախ լռում, մտքով տեղափոխվում է Արցախ, վերհիշում միասին ապրած օրերը։

«Լեռնիկը շատ էր կապված հատկապես Էվայի հետ։ Մտնում էր տուն ու ասում՝ «պապուն պրինցեսսան», ու այդպես տունը լցվում էր ուրախությամբ։ Հերթով գրկում ու սեր տալիս բոլորիս։ Հիմա, նրա բացակայությամբ այնքան կիսատ եմ, միայնակ։ Երեխաներս ամեն օր հարցնում են հորից, իսկ ես դժվարանում եմ պատասխանել»,- MediaHub-ին պատմում է Նարինեն, ով բռնի տեղահանությունից հետո, ապաստանել է Էջմիածին քաղաքում։ 

Լեռնիկը Ստեփանակերտում զբաղվում էր միրգ-բանջարեղենի առևտրով։ Արցախի շրջափակումը խոչընդոտեց աշխատանքը, խանութը փակվեց, երբ ՀՀ-ից այլևս ապրանք ներմուծելու հնարավորություն չկար։ Կինը պատմում է, որ պաշարման օրերին ընտանիքը որևէ բանի պետք ու կարիք չի ունեցել.

«Լեռնիկն ապահովում էր ամեն ինչով, մենք չենք խառնվել նրա գործերին։ Ունեցածից էլ բարեկամներին ու մտերիմներին է բաժին հանել։ Չէր թողնում, որ հուսահատվեի»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ ամեն ինչ շրջադարձային փոխվեց սեպտեմբերի 25-ին, վառելիքի պահեստում բռնկված հրդեհից հետո։ 

«Ամուսինս Արցախում մշտապես ապրելու ու մնալու շատ պատճառներ է ունեցել, չնայած դրսի հրավերներին ու խոստումնալից առաջարկներին։ Անգամ այն ժամանակ, երբ պետք է լքեինք հայրենիքը, ինքն ասել է, որ վերջինն է դուրս գալու՝ «Բա՞ հարազատներիս գերեզմանը, բա՞ էսքան տղերքի թափած արյունը, ո՞նց ենք մարսելու»»,- հիշում է Նարինեն։ 

Լեռնիկը վառելիքի խնդիր չուներ, հոգացել էր նախապես։ Նեղ օրվա համար իր ավտոտնակում ուներ համապատասխան քանակի բենզին։ Իր քրոջ ամուսնու հորդորով գնացել է ՊԲ այն զորամաս, որտեղ և բենզինի պահեստն էր։ 

«Պայթյունից հետո, իրենից օրեր շարունակ լուր չենք ունեցել։ Նույնիսկ գումար եմ փոխանցել համակարգչային կեղծարարներին, իբր Ադրբեջանի տարածքում պահվող վիրավորների մեջ փնտրելու համար։ Պայթյունից ուղիղ 40 օր անց՝ ԴՆԹ թեստով հաստատվեց և նրա ինքնությունը»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Սեպտեմբերի 23-ին նախքան բռնի տեղահանումը, Լեռնիկը տուն է գտել Էջմիածնում, նախապես ուղարկել վարձի գումարը, ընկերների միջոցով անհրաժեշտ իրերը գնել, որ գնան ամեն ինչ պատրաստ լինի։ 

«Կարծես սիրտը գիտեր, որ ինքը չի գալու, այնպես է արել, որ երեխաներս կարիք չունենան։ Այդպես իր սիրտը մնաց Արցախում, մարմինը բերեցինք Հայաստան ու հուղարկավորեցինք Ոսկեհատ գյուղում»։

Ամուսինների համատեղ կյանքը չնայած 4 տարի տևեց, բայց կինն ասում է՝ թվում է մի ամբողջ կյանք են ապրել, «որովհետև սիրո, ուշադրության ու ջերմության պակաս չի զգացել ընտանիքը»։

Հիմա Նարինեն կարոտից բացի ուրիշ ոչ մի զգացում չունի։ Օրը բացվում ու մթնում է Լեռնիկի մասին հիշողություններով։ 

«Հավերժ կարոտով սպասում եմ մեր մյուս հանդիպմանը»...

Հունան Թադևոսյան