Ո՞րն է Հայաստանի ԱԽ հայտարարության հիմնական ուղերձը

Մինչ Ռուսաստանի ու Ադրբեջանի ՊՆ-ներն իրարամերժ հայտարարություններ են անում՝ Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի պատկանելիության շուրջ ու հասարակությունն անորոշության մեջ է՝ երեկ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց Հայաստանի Անվտանգության խորհուրդը։
ԱԽ-ն նշել է՝ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: ԱԽ-ն ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», - նշված է հաղորդագրությունում:
Ի՞նչ կարելի է եզրակացնել ԱԽ հայտարարությունից։
Առաջին, Հայաստանը Ադրբեջանին, ըստ էության, առաջարկում է ուղիղ երկխոսություն սկսել` խաղաղության պայմանագրի շուրջ։ Երկրորդ, որը մտահոգիչ է՝ ակնարկվում է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։
Ի՞նչ է ակնարկում ԱԽ-ն` արդյո՞ք Բաքուն ուլտիմատում է ներկայացրել Երևանին, թե՞ Փաշինյանը «խաղաղության օրակարգն» այլ կերպ առաջ մղել չի կարող, քան ժողովրդին վախեր ներշնչելը։ Որն էլ լինի պատասխանը, վիճակը մտահոգիչ է։ Եվ վերջապես, տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը անհասցե անվտանգության միջազգային երաշխիքներ է ուզում` առանց հստակ երաշխիքների։ Այս պարագայում` նման երաշխիքներ չեն ստացվելու, փոխարենը` նստվածք է մնալու ռուսների մոտ, որովհետև ստացվում է` կասկածի տակ ենք դնում նրանց ռեգիոնալ ազդեցությունը ու միջնորդ լինելու կարողությունները։
Չենք կարծում, թե նման քայլի ռիսկերը հաշվարկված են։
Վահրամ Բագրատյան