ՖՈՏՈՇԱՐՔ․ Հավաքի մասնակիցները կոչ են անում համախմբվել և միանալ իրենց՝ ի պաշտպանություն Արցախի և ՀՀ-ի

ՖՈՏՈՇԱՐՔ․ Հավաքի մասնակիցները կոչ են անում համախմբվել և միանալ իրենց՝ ի պաշտպանություն Արցախի և ՀՀ-ի

Այսօր՝ ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Ազատության հրապարակից դիմելով հանրությանը, կոչով հանդես եկավ՝ նշելով, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգ են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն հայրենիքի պաշտպանության գործին։ Նախաձեռնությանը միացան հարյուրավոր հասարակական, քաղաքական գործիչներ, հայկական պետությունների առջև ծառացած գոյաբանական խնդիրներն ու մարտահրավերները գիտակցող մեծաքանակ քաղաքացիներ: Նախատեսված հավաքի վերաբերյալ պատկան մարմինները օրենքով սահմանված կարգով նախապես տեղեկացվել էին, ուստի, վերոնշյալ կոչին հետևող քաղաքացիները, ցանկանալով ապահովել հավաքի շարունակականությունը, փորձեցին վրաններ և աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում, ինչից հետո պարզվեց, որ նշված գույքը ոստիկանության կողմից ձերբակալվել և հեռացվել է տարածքից: Այնուհետև, ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, փորձեց բերման ենթարկել հավաքի մասնակիցներին, ինչի արդյունքում իրավիճակը լարվեց և սկսեց հրմշտոց: Ոստիկանությունը հավաքի հինգ մասնակցի բերման ենթարկեց և տեղափոխեց ոստիկանական բաժանմունք, ինչից անմիջապես հետո բաժանմունքներ ուղևորվեցին իրավապաշտպանները: Հավաքի մասնակիցները նախատեսում են անժամկետ նստացույց սկսել՝ վերահաստատելով իրենց ուղերձը՝ Արցախի և Հայաստանի համար կերտել անվտանգ տարածաշրջանային միջավայր: