Հայաստանն ունի անվստահելի գործընկերոջ համբավ. ՀՀ ժողովուրդը հետևություններ պետք է անի

Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին չմեկնեց Բիշքեկ և չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Արդյոք պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո․ հայ-ռուսական հարաբերությունների առկա իրավիճակի շուրջ MediaHub-ը զրուցեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանի հետ։
«Փաշինյանը չի գնացել Բիշքեկ, դա համարվում է դեմարշ։ Մի կողմից, Վլադիմիր Պուտինին զանգահարում և շնորհավորում է ծննդյան օրվա կապակցությամբ, մյուս կողմից հրաժարվում է որոշ քայլեր անելուց և հակառուսական քաղաքականություն է վարում, պնդելով, թե վեկտոր չենք փոխում։ Իրեն թվում է, որ խոսքերն են կարևոր, բայց գործողություններն են որոշում մարդու նկատմամբ վերաբերմունքը, մանավանդ պետական ղեկավարին։ Նա իրականացնում է այն քաղաքական գիծը, որն ի սկզբանե ունեցել է, և զարմանալու ոչինչ չկա»,- ասաց քաղաքական գործիչը։
Ըստ նրա, այս պահին ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից և այլ կազմակերպություններից Հայաստանը դուրս չի գա, որովհետև այստեղ ամբողջը կպայթի՝ ՀՀ-ից արտահանումը իրականացվում է հիմնականում ԱՊՀ երկրների ուղղությամբ և ԵԱՏՄ–ի շրջանակներում։ Այնպես որ, կրկնեց նա, խոսքերը չեն որոշում մարդու կեցվածքը, այլ գործողությունները, որոնք հակառուսական են։
«Անգամ Լուկաշենկոն է ասում, որ Հայաստանը շատ անգամ չի պահում իրեն որպես գործընկեր։ Հայաստանն ունի անվստահելի գործընկերոջ համբավ և հետևություններ պետք է անի ՀՀ ժողովուրդը։ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո, որը հակառուսական քայլ էր, դժվար էլ ունենար անկեղծ զրույց Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ ոչ միայն Հռոմի ստատուտի վավերացումը, այլ նաև մի շարք փորձեր՝ գցել ամբողջ մեղքը Ռուսաստանի վրա: Մինչդեռ Փաշինյանը որևէ քայլ չարեց, որպեսզի խաղաղապահ ուժերը իրավասու լինեին և գործողություններ իրականացնեին պաշտպանելու մեր հայրենակիցներին»,– եզրափակեց Սարգսյանը։
Մարիաննա Արամյան