2026 կամ 2027 թվականին Գետքի դպրոցը կփակեն․ գյուղում մանկապարտեզ ու մշակույթի տուն չկա, հիմա էլ դպրոցն են փակում

MediaHub-ի տեղեկություններով՝ Գետքի և մի շարք այլ համայնքների դպրոցներ փակվելու են և միանան ուրիշ դպրոցների։ Ըստ Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանի՝ Հանրապետությունում 273 դպրոց պետք է փակվի, ըստ այդ նախագծի, ու Գետք, Ղարիբջանյան, Բայանդուր գյուղերի դպրոցները պետք է միանան Երազգավորսի դպրոցին։
«Կրթության որակի բարելավման նախագիծ է, խոսքը կրթության բարելավման հետագա շարունակական գործընթացի մասին է։ Բայց այս պահին որևէ դպրոցի փակում կամ միավորման ծրագիր այս ուսումնական տարում չկա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետի մամուլի պատասխանատուն։
Ըստ Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանի՝ դպրոցը կրթական որակով նույնպես լավն է, տարեկան 6-7 շրջանավարտի 99-100 տոկոսն էլ համալսարան է ընդունվում։ Նա նշեց, որ Գետքի դպրոցը դժվարությամբ են բերել այն տեսքին, որ երեխաները սիրով այցելեն, սակայն ասում են, որ պիտի Երազգավորս գնան, այդ գյուղը Գետքից 3,5 կմ հեռու է, Ղարիբջանյանից էլ 5 կմ է հեռու։
«Այս պահին դպրոցը չի փակվում, ծրագիրը կլինի 2026 կամ 2027 թվականին։ Խոսքը գնում է ոչ միայն Գետքի դպրոցի մասին, այլ նաև մի շարք դպրոցների, որոնք 100 աշակերտը չեն գերազանցում»,- հայտնեց Գետքի վարչական ղեկավարի գրասենյակը։
MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ նախարարին մեր հարցումը գրավոր կերպով պետք է ուղարկենք, պատճառաբանելով, որ խոսքը գնում է կոնկրետ դպրոցի՝ Գետքի դպրոցի մասին և մեզ հստակ պատասխան չկարողացան տալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Գետքի ուսուցիչներն ու աշակերտներն ակցիա էին անում։ Ըստ Գետք համայնքի վարչական ղեկավարի Հովիկ Մխիթարյանի, իշխանությունները նույնիսկ հարկ չեն համարել, որ հետաքրքրվեն, չնայած այս տարի շվեյցարիական աջակցությամբ նաև պետք է մանկապարտեզ հիմնելու հարցը քննարկվեր, բայց դա էլ չստացվեց։ Գյուղում ո՛չ մանկապարտեզ կա, ո՛չ Մշակույթի տուն ու հիմա էլ դպրոցն են փակում։