Արցախցի մարզիչը Աբովյան քաղաքում հիմնադրել է ավանդական կարատե-դո մարզաձևի նոր ակումբ

Արցախցի մարզիչը Աբովյան քաղաքում հիմնադրել է ավանդական կարատե-դո մարզաձևի նոր ակումբ

Արցախում, նախքան շրջափակումն ու բռնի տեղահանումը, սպորտի բնագավառը տարբեր մարզաձևերից աշխարհին տվել է բազմաթիվ չեմպիոններ, Եվրոպայի և միջազգային մրցաշարերում գրանցել բազմաթիվ հաջողություններ:

Տեղական մարզական բնագավառը ուղղակիորեն հետընթաց ապրեց շրջափակմամբ պայմանավորված առաջացած խնդիրների ու սահմանափակումների պատճառով։  

Անհամեմատ նվազել էր տեղական մարզական միջոցառումների թիվը, անհնարին էր դարձել արտերկրում կայանալիք մրցաշարերին արցախցի մարզիկների մասնակցությունը։

Այս ամենը հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մարզիչ, բազմակի մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր Տիգրան Գևորգյանը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բացեց ավանդական կարատե-դո մարզաձևի նոր ակումբ և իր շուրջը հավաքեց իր այն մարզիկներին, ովքեր ապաստանել են նույն քաղաքում։ 

MediaHub-ի հետ զրույցում Տիգրանն ասաց, որ ակումբը  նպատակաուղղված է ՀՀ-ում շարունակել գործունեությունը, աշխատել նոր սերնդի հետ, կրթել, կոփել, երկրի համար ուժեղ ու արժանի զավակներ դաստիարակել։ 

«Այս պահին նորաբաց ակումբում մարզվում է 7 մարզիկ, որից մի մասը տեղահանվել են Արցախից։ Նպատակ կա ակումբում ընդգրկել նաև Աբովյանի ու հարակից համայնքների պատանիներին, քանի որ դահլիճն ունի այդ հնարավորությունը, թեպետ ամբողջությամբ կահավորված չէ։ Ակումբը հիմնադրել եմ իմ ջանքերով՝ Հայաստանի կարատե-դո ազգային ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի օգնությամբ»,- ասաց Տիգրան Գևորգյանը։ 

Հաշվի առնելով հանգամանքը, որ սպորտը նաև ազգային անվտանգության խնդիրներ է լուծում, Տիգրանն իր ունեցած ողջ գիտելիքն ու փորձը պատրաստ է փոխանցել պատանի մարզիկներին։ 

«Այս պահին ունենք նաև աջակցության կարիք, մարզադահլիճն ամբողջությամբ գույքով կահավորելու, պայմաները բարեկարգելու, այն ժամանակակից չափորոշիչներին հասցնելու համար։ Չենք հուսահատվում, հուսով ենք, որ կլինեն մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն»,- ասաց նա։

Հունան Թադևոսյան