Անառողջ մթնոլորտ՝ ՔՊ խմբակցությունում. Փաշինյանը դեռ «արբիտր» է

Անառողջ մթնոլորտ՝ ՔՊ խմբակցությունում. Փաշինյանը դեռ «արբիտր» է

Արժանահավատ աղբյուրները պնդում են, որ այս օրերին խորհրդարանական մեծամասնության շարքերում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ է:
Իշխանության պատգամավորներից ոմանք պահանջում են պարգևավճար իրենց օգնականների համար, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:

Իհարկե, ամենևին չենք բացառում, որ, ինչպես հաճախ տեղի է ունենում, օրենքը դրվի մի կողմ ու այս հարցը լուծվի «հեղափոխական» մեթոդներով, մանավանդ, որ վերջին խոսքի իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին:

ՔՊ խմբակցությունում ակնհայտորեն կաղում է նաև կարգապահության հարցը: Մի կողմից, գնալով քչանում է այն պատգամավորների թիվը, որոնք պատրաստ են հրապարակավ «կուրծք ծեծել» իշխանության ու Նիկոլ Փաշինյանի համար, մյուս կողմից՝ իշխանական պատգամավորների ելույթները հաճախ քաղաքական սկանդալի առարկա են դառնում:

ՔՊ պատգամավորներից շատերը պոտենցիալ «Էդուարդ Աղաջանյան» են ու երազում են գործադիրում մի «անմեղ», հասարակության աչքից հեռու պաշտոն ստանալ, ավելի «շուստրիները» դեսպանական ամբիցիաներ ունեն:

Իշխանության ներսում բազմաշերտ գզվռտոց է՝ ուղեկցված «սլիվներով», փոխադարձ մեղադրանքներով, անգամ՝ կոմպրոմատներով:

Երեկ, օրինակ, իշխանամերձ տեղեկատվական ռեսուրսներից մեկը գրել էր, թե Վահան Նարիբեկյանն առաջիկայում կազատվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ չարաշահումների հիմքով ու տեղեկատվությանը «լրջություն» հաղորդելու նպատակով հավելել էր, որ «Փաշինյանը հանձնարարել է նաև քննության առնել Վահան Նարիբեկյանի գործունեությունը ու ջրի երես հանել նրա հետ կապված բոլոր կոռուպցիոն դրսևորումները»։

Ներիշխանական հակամարտ թևերը Փաշինյանին դեռ «արբիտր» են համարում, հետո հենց վարչապետին են թիրախավորելու՝ նրա դիրքերի թուլացման պարագայում:

Վահրամ Բագրատյան