ՔՊ-ն հաղթանակ տարավ․ կենսունակ ընդդիմության բացակայություն

ՔՊ-ն հաղթանակ տարավ․ կենսունակ ընդդիմության բացակայություն

Երեկ Վեդիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ էին: Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը ղեկավարում է Սպարտակ Թարթիկյանը։

ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%:
Սա բավականին բարձր մասնակցության ցուցանիշ է տեղական ընտրությունների համար ու միայն այս փաստն արդեն հուշում էր, որ իշխանությանը հաջողվել է արդյունավետ կիրառել վարչական ռեսուրսը ու հաղթանակ ապահովել ՔՊ-ի ու համայնքապետի նրա թեկնածուի համար։

Ընտրությունների նախնական արդյունքները հուշում են կանխավարկածի ճշմարտացիությունը․ «Քաղաքացիական պայմանագիր» -ը ստացել է 13139 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9694 ձայն:

Վարչական ռեսուրսն արդյունավետ չի աշխատում, եթե իշխանության դեմ հանդես է գալիս բովանդակությամբ ավելի ուժեղ, կրեատիվ ընդդիմություն, որի խոսքն ավելի արժեքավոր է դառնում, քան՝ մարդկանց կախվածությունն իշխանություններից, նրանց լծակներից։ Վեդիում մենք նման ընդդիմություն չունեինք։ Անկեղծ լինենք, նման ընդդիմություն առայժմ չկա նաև ամբողջ երկրում։ Հակառակ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի ձախողված իշխանությունը չէր մնա նույնիսկ մեկ շաբաթ։

Մեկ դիտարկում ևս։ Վեդիի ընդդիմությունն առնչություն ուներ, այսպես կոչված, հին համակարգի հետ։ Արձանագրենք այսպիսով, որ առայժմ Փաշինյանի թիմին հաջողվում է էլեկտորալ հաջողություն գրանցել՝ օգտագործելով «նախկինների» գործոնը։

Վահրամ Բագրատյան