Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (15.02.2024)

1. Ռուսական Տելեգրամ ալիքները հաղորդում են Բելգորոդի հրթիռակոծման մասին։ Ըստ այդ հաղորդագրությունների, կան զոհեր։ Արկերից մեկն ընկել է առևտրի օբյեկտի վրա։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը ասել է, որ Բելգորոդի շրջանում հրթիռային վտանգի տագնապի ազդանշան է տարածվել։
2. Լեհ ֆերմերները տրակտորներով ցանկանում են արգելափակել Եվրախորհրդարանի գրասենյակը: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի մինչև 500 ավտոմեքենա Լեհաստանի տարբեր շրջաններից։ Այսօր ֆերմերները գործադուլի «փորձ են անում», իսկ ավելի մեծը սպասվում է փետրվարի 20-ին։
3. Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Ելիսեյան պալատում երկկողմ համաձայնագիր կստորագրեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմին հղումով։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի Telegram ալիքը հայտնում է, որ Զելենսկին փետրվարի 16-ին կայցելի Գերմանիա և Ֆրանսիա՝  Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու և փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին անձամբ մասնակցելու համար։ 
4. ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում Super Bowl-ում տեղի թիմի հաղթանակի տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. 29 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել: Երեք հոգի բերման են ենթարկվել: Հետաքննությունների դաշնային բյուրոն և ոստիկանությունը քաղաքացիներից օգնություն են խնդրել հետաքննության համար։