ՊՆ-ն ադրբեջանական քարոզով է զբաղված. իրավիճակ է փոխվել

ՊՆ-ն ադրբեջանական քարոզով է զբաղված. իրավիճակ է փոխվել

Ներքին Հանդի ուղղությամբ երեկ ադրբեջանական զինուժի բացած կրակի ու դրա հետևանքով մեր զոհերի մեղքն ու պատասխանատվությունը «պատահական զուգադիպությամբ» Ադրբեջանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությունը գցում են հայ զինծառայողների վրա։ 

Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, բայց այս իշխանությունների կողմից բնավ ոչ զարմանալու և ոչ պատահական իրողություն է։ Մանրամասնենք․ ադրբեջանական կողմը երեկ հայտարարեց, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն ու կրակ բացել իրենց ուղղությամբ։ Դրանով Ադրբեջանը լեգիտիմության շղարշ ապահովեց իր գործողությունների համար, որոնց հետևանքը եղավ տվյալ տարածքի մեր դիրքերը պահող ԵԿՄ չորս կամավորականի զոհվելն ու մեկի վիրավորվելը։ Նույն օրը, ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ կարճ մի հաղորդագրությամբ, որով թափանցիկ ակնարկներ է անում, որ իսկապես «մերոնք են առաջինը կրակել ու սադրել ադրբեջանցիներին, և որ իրենք կապ չունեն դրա հետ, իրենք չեն ասել՝ կրակել «եղբայրական Ադրբեջանի» դիրքերի վրա, այդ ԵԿՄ-ի կամավորներն են ինքնակամ որոշել ու կրակել»։ Եվ մեղավորներն էլ, ուշադրություն, կպատժվեն:

Սա, մեղմ ասած, կարելի է որակել ոչ միայն աննախադեպ հաղորդագրություն, այլև որակել որպես վախի ու ստորաքարշության անհասկանալի դրսևորում։

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ, որի տակ ստորագրված է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն։ 

Այսինքն՝ ՌՈ-ն է տարածել այս ռելիզը, բայց, բնականաբար, ՊՆ-ի համապատասխան վարչության գիտությամբ, ցուցումով կամ մասնակցությամբ։ Վերջերս նաև որպես վոլեյբոլի ժյուրի դարձած, բայց այդպես էլ պաշտպանության նախարարի առաքելության լրջությունն ու պատասխանատվությունը չգիտակցող Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից այսպիսի հաղորդագրություն ստանալը ոչ տարօրինակ էր, ոչ զարմանալի։ Առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ իշխանությունը կրկնում է նույն ադրբեջանական թեզերը կամ անում է այն, ինչ Ադրբեջանն է պահանջում։

Վերջին թարմ օրինակը՝ Ալիևը պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունը, իրենք էլ լծվել են այդ պահանջը կատարելու գործին։ Հիմա Ալիևի բանակը հայտարարում է, որ հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարը, ու Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախարարն ու իր գերատեսչությունը հաստատում են դա, որ իսկապես հնարավոր է, որ մեր զինվորներն են սադրել ադրբեջանցիներին, ուստի դրա համար քննություն կկատարվի, և հաստատվելու դեպքում մեղավորներն անպայման կպատժվեն։ Ու որքան էլ զարմանալի չթվա այս իշխանությունների կողմից այսօրիօնակ թշնամական, պրոադրբեջանական քայլերը, միևնույն է՝ հայկական բանակի և պաշտպանության նախարարության հանդեպ հանրության վերաբերմունքը մի փոքր այլ՝ ավելի ոչ քաղաքական է։

Ինչպես ՊՆ-ի էջում է մեծ տառերով գրված՝ «Մեր անվտանգության երաշխավորը»։ Ու հիմա այս կառույցը մեր անվտանգությունը երաշխավորելու փոխարեն զբաղված է թշնամու ջրաղացին ջուր լցնելով։ Սրա համար այդ նույն Ռազմական ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, եթե դեռ գոյություն ունեն որպես կառույց, պիտի պետական դավաճանության հոդվածով գործ հարուցեին այս հաղորդագրության պատվիրատուների դեմ, որովհետև Ադրբեջանն իր չգործած մեղքերն է անգամ մեր վրա գցում, իսկ մենք մեր գործածը թաքցնելու կամ չգործածների մասով թշնամու հայտարարությունները հերքելու փոխարեն նպաստում ենք նրանց տարածած քարոզչությանը, որ հայ հասարակությունն ու միջազգային հանրությունը իսկապես հավատան, որ մեղավորը մենք ենք, ոչ թե ագրեսոր Ադրբեջանը։ 

Ադրբեջանական զինուժ-ՀՀ ՊՆ տանդեմին, ի դեպ, միացել են նաև որոշ կիսահումորային, ու հոգու խորքում թաքնված նիկոլական տելեգրամյան ալիքներ, որոնք առավոտյան արդեն տարածեցին, թե իբր մերոնք են գիշերը քեֆ արել ու կոկոնները տաքացած՝ որոշել կրակել։ Ադրբեջանցիներն էլ պատասխան կրակ են բացել։

Mediahub-ը դիմեց ՊՆ-ին՝ պարզելու, թե Ռազմական ոստիկանության անունից տարածած այս խայտառակ ու պրոադրբեջանական քարոզ պարունակող հաղորդագրության հեղինակն ո՞վ է։ ՊՆ-ից, սակայն, ո՛չ անուն ասացին, ո՛չ էլ ցանկացան մեկնաբանել։ Ասացին՝ ընդունենք միայն ի գիտություն, որ ՊՆ-ի անունից է տարածվել այդ հաղորդագրությունը, թե ինչպես է ձևակերպվել տեքստը, չեն մեկնաբանում։ Այսինքն՝ ՊՆ ղեկավարության ու անձամբ Սուրեն Պապիկյանի գիտությամբ և «դաբռոյով» է ՌՈ-ի անունից այսպիսի տեքստ տարածվել։ 

Վահե Մակարյան