Իշխանությունը գլուխը պատին է տալիս, ընդդիմության ՕԳԳ-ն էլ 0 է․ Նաիրա Զոհրաբյան

Արդեն մեկ ամիս է, ինչ կորցրեցինք Արցախը։ Այս ընթացքում Կառավարությունն ամեն առիթով հայտարարում է բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու մասին, որպեսզի նրանք չհեռանան ՀՀ-ից:
Նույն Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարեց, թե ժողովուրդը համախմբվեց պետության շուրջ և «օգնեցինք արցախցիներին», բայց որքանո՞վ է դա այդպես։ MediaHub-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այս մակարդակի հումանիտար աղետ, ողբերգություն վերջին 100 տարվա մեջ եղել է մեկ էլ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։
«110.000 մարդ երկու օրում զրկվել է հայրենիքից, մարդիկ դուրս են եկել առանց ոչնչի։ Իրենց տված 100.000 դրրամը, որը դեռ արցախցիների 25% էլ չի ստացել, չի բավարարելու անգամ կես մահճակալ գնելու համար, իսկ մարդկանց գերակշիռ մասը չի կարողացել իրենց գույքը հանել։ Արցախցիներն ունեն ամեն ինչի կարիք՝ կացարանի, սննդի, տաք հագուստի, որովհետև պետությունը ոչինչ չի անում։ Փաշինյանը Ստրասբուրգում ասում է, որ ժողովուրդը համախմբվեց պետության շուրջ, օգնեցին, բայց այդպես չէ։ Ժողովուրդը ոչ մի բանի շուրջ չի համախմբվել, քանի որ Հայաստանում չկա իշխանություն, որ ժողովուրդն էլ իր շուրջը համախմբվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ Զոհրաբյանի, բացի մի քանի սփյուռքյան կառույցներից, Սփյուռքը տոտալ անհաղորդ է 1915 թվականի ցեղասպանությունից հետո երկրորդ այս ցեղասպանությանը։ Ասում է՝ Սփյուռքում հայտնված գերակշիռ մեծամասնությունը մատը մատին չի տալիս արցախցի ընտանիքներին օգնելու համար։ Ըստ այդմ, արցախցիները 1-2 ամիս կկարողանան վարձակալության գումարը տալ, բայց ձմռանը հայտնվելու են փողոցում։ Աշխատատեղ էլ չի տալիս պետությունը, իսկ անհատները, որոնք այսօր օգնում են արցախցիներին, չեն կարող իշխանություն ու պետական համակարգեր փոխարինել։
Ցավալի է, նշեց նախկին պատգամավորը, բայց արդեն մոտ 30.000 արցախցի լքել է Հայաստանը և գնացել Ռուսաստան։
«Ես կարծում եմ, որ խորհրդարանում սիստեմատիկաբար իշխանության պատգամավորների կողմից ծեծ ուտող ընդդիմությունը, գոնե մի բարի գործ կարող է անել, իսկ իրենք ոչինչ չեն անում բացի իշխանական ուսապարկերի քացու տակ ընկնելուց։ Պետք է արագ բերել օրենքի նախագիծ, որով կկարգավորվեն տների վարձակալության գներն ըստ համայնքների և մարզերի գոտիավորման, որպեսզի, օրինակ, Ապարանի հեռավոր գյուղում ինչ-որ մեկը իր գոմը իրեն իրավունք չվերապահի վարձակալության տալու 200.000 կամ 250.000 դրամով։ Այս ընդդիմությունը, որի օգտակար գործողությունը 0 էլ չի, այլ մինուս անսահմանություն է, գոնե մի բարի գործ կարող է անել»,- հայտնեց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ շատ արցախցիներ իրեն ասում են, որ եթե իմանան միջազգային երաշխիքներ կլինեն՝ կվերադառնան իրենց տները։ Այսինքն, մարդը պատրաստ է գնալ ու ցեղասպանության դամոկլյան սուրը գլխին ապրել, բայց չմնալ այստեղ, որտեղ մի ավերակի համար պետք է 300.000 դրամ վարձակալության գումար վճարել։
Ըստ մեր զրուցակցի՝ շատ խնդիրներ կան, որոնցով զբաղվող չկա։ Ինն ամիս բլոկադայում գտնվող արցախցի երեխաներին ոչինչ չարեցին, մինչդեռ նույն Գազայի բնակիչներին ՄԱԿ-ը որոշում է օդային հումանիտար ճանապարհ բացել և ինքնաթիռներով սնունդ հասցնել. «Եթե մենք պետություն ունենայինք կամ իշխանություն, ես կդիմեի իրենց և կասեի, որ երբ Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում շատ էմոցիոնալ մակուլատուրա և զուգարանի թուղթ էր ընդունվում ի պաշտպանություն տեղահանված արցախցիներին, ընդամենը բանակցեին ԵՄ-ի հետ, որ այդ մակուլատուրան մտցնեին իրենց համապատասխան տեղը։ Իսկ եթե կարող եք, բանակցեք Ադրբեջանի հետ, որ միջազգային մանդատի վերահսկողության ներքո գոնե արցախցիների գույքը հանվեր և վերադարձվեր արցախցիներին։ Իմ տեղեկություններով, Ալիևը հրահանգել է դեռ չթալանել Ստեփանակերտը, և գոնե Ստեփանակերտի տներից պետք է հանել գույքը և հասցնել մարդկանց։ Եվ երբ իշխանությունը կամ մարզպետներն ասում են, թե կացարանի հարցը լուծված է, իրենք իրենց գլուխը պատին են տալիս»,- հավելեց Զոհրաբյանը։
Մարիաննա Արամյան