Փաշինյանն անհարմար վիճակի մեջ դրեց իր թիմակիցներին

Փաշինյանն անհարմար վիճակի մեջ դրեց իր թիմակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցմանը. «Արդեն 3 օր է՝ Արցախի քաղաքացիները զրկված են բնական գազից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով

Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և, ի վերջո, ինքը նորոգեց»։

Նա նշել է, որ այժմ էլ գազատարի վրա տեղադրվել է փական. «Մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին, առանց պայթյունների, փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»։ 

Վարչապետն ընդգծել է, որ գազամատակարարման երկու դադարեցումն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ անբարենպաստ պայմաններում։

Ըստ Փաշինյանի՝ սա բավարար է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. «Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։ Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում։ Խնդիր է դրված՝ ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գնահատականները բավականին ադեկվատ են ու մեծ հաշվով՝ արտացոլում են այն վիճակը, որ ստեղծվել է Արցախում՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով։

Սակայն առաջանում են մի քանի հարցեր, որոնց Փաշինյանը, բնականաբար, չի անդրադարձել։

Առաջին, Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության պարագայում՝ Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում իր «խաղաղության դարաշրջանի» օրակարգի իրականացումը, երբ մի կողմի խաղաղության կոչերին մյուսը պատասխանում է ագրեսիվ քաղաքականությամբ։

Երկրորդ, ադեկվատ գնահատականներն, իհարկե, կարևոր են ու այս համատեքստում՝ ողջունելի է Փաշինյանի այսօրվա խոսքը, բայց ի՞նչ գործնական քայլեր ունի կառավարությունը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու նպատակով։ Այս մասին Փաշինյանն այսօր չի խոսել։

Եվ վերջապես, ԼՂ խնդրում, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գոյություն ունի՞ միասնական դիրքորոշում ՔՊ-ում։ Վարչապետի այսօրվա ելույթը սկզբունքորեն հակասության մեջ է մտնում ՔՊ պատգամավորների վերջին օրերի հարցազրույցների հետ, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանն, ըստ էության, արցախցիներին կոչ էր անում հաշտվել առանց գազի ապրելու իրավիճակի հետ։ Ի վերջո, ո՞րն է իշխանության միասնական դիրքորոշումը։

Ամեն դեպքում, հույս ունենք, որ իշխանությունը գոնե ուշացմամբ գործնական քայլեր կիրականացնի՝ Փաշինյանի այսօրվա խոսքի համատեքստում ու տրամաբանությամբ։

Հ․գ- Արցախում հումանիտար աղետը նոր դրսևորումներ է ստանում․ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխի գյուղն այսօր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի են գրավել այն, արցախյան կողմից զոհեր, վիրավորներ չկան։

Վահրամ Բագրատյան