«Խայտառակ հերթեր անձնագրայիններում». քաղաքացիներն ահազանգում են՝ վիճակը նորից վատ է

«Խայտառակ հերթեր անձնագրայիններում». քաղաքացիներն ահազանգում են՝ վիճակը նորից վատ է

MediaHub-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից, և այսօր կրկին ահազանգ ստացանք՝ այս անգամ անձնագրային բաժինների հետ կապված։
Չնայած նրան, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասում էր, որ ծառայությունը ներդրել է հերթագրման նոր համակարգ, որը, ի տարբերություն նախորդ համակարգի, շատ ավելի կառավարելի իրավիճակ է ենթադրում, սակայն իրականությունն այլ է:

«2024 թվականի ամռանն անձնագրային ծառայությունների համար արձանագրել ենք, որ միաժամանակյա շուրջ 35 հազար մարդ է ցանկանում որևէ գործարք կատարել անձնագրային ծառայություններում: Նախորդ հերթագրման համակարգով սա վերածվում էր 2-3 ամսվա հերթի։ Արդեն քաղաքացին ամեն օր կարող է դիմել անձնագային ծառայություն և սպասարկվել: Այս լուծումները կարճաժամկետեն, երկարաժամկետ կտրվածքում նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափում կենսաչափական տվյալների կառավարման համակարգի ներդրում»,– մասնավորապես ասել էր նախարար Սարգսյանը։

Սակայն, քաղաքացիներն այդ փոփոխությունները չեն զգում, ավելին՝ ահազանգում են, որ բաժիններում նորից հերթեր են, կրկին հերթագրվելը դարձել է դժվարություններով լի, և Երևան քաղաքում գրանցվելով հերթը հասնելու է ամիսներ հետո.

«Խայտառակ վիճակ է անձնագրայիններում, այցելության օր ու ժամ եմ ուզում վերցնել՝ կայքը բերում է մայիս ամիս, ու մայիս ամսվա սկզբի երկու շաբաթը ամբողջությամբ զբաղված է, սա ի՞նչ է։ Ասում են՝ հայտարարագրի պատճառով է այս վիճակը, բոլորը նույնականացման քարտի համար են գրանցվում, իսկ ինձ շտապ է պետք, ամենամոտ ժամկետը կայքը ցույց է տալիս մայիսին... շատերն ասում են գրանցվեմ այլ քաղաքում, օրինակ՝ Աշտարակում, բայց ինձ դա հարմար չէ»,– նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

Ստացվում է, որ տիկին նախարարի հպարտության արդյունք հանդիսացող նոր համակարգերը միևնույն է լավ չեն աշխատում, ամենուր հերթեր են, բավականին մեծ կուտակումներ, ամիսներով հերթագրումներ,  մարդկանց գլխացավանքը մեղմելու փոխարեն նորն են բերել՝ պարտադիր հայտարարագրի լրացման տեսքով: Այսինքն՝ ՀՀ-ում շարքային քաղաքցին միշտ տուժողի դերում է:  

Մարիաննա Արամյան