Երեկ տեղի ունեցած ծեծկռտnւքն ու դանակաhարությունը ոչ մի կապ չեն ունեցել ԶՊՄԿ–ում գործադուլի հետ

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե ծեծկռտուք է եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև: Նշվում էր, որ գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են եղել գործադուլին։
MediaHub-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից, մասնավորապես այն, որ իրականում ծեծկռտուքն ու դանակահարությունն ընդհանրապես կապ չեն ունեցել գործադուլի հետ։
«Պաշտոնապես ցանկանում եմ հերքել, որ այդ միջադեպը որևէ կապ ունի գործադուլի հետ: Դա ակնհայտ ապատեղեկատվություն է, շատ ցավալի է, որ այդպիսի տեղեկատվություն են տարածում և մանիպուլյացիաներ իրականացնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց ԶՊՄԿ-ի աշխատակից և բոյկոտի մասնակից Վահե Մխիթարյանը։
Հարցին, թե ինչի՞ հետ էր կապված միջադեպը, նա արձագանքեց՝ ընդհանրապես հետաքրքիր չէ, իրենք զբաղված են պայքարով։
Անդրադառնալով բոյկոտի արդյունավետությանը և նրան, թե ի՞նչ առաջընթաց կա, մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Երկու անգամ բանակցություն ենք ունեցել տնօրինության հետ, բավականին կառուցողական, երկար քննարկել ենք թե՛ աշխատանքային, թե՛ աշխատանքի պայմանների բարելավման հարցերը, թե՛ աշխատավարձի հետ կապված խնդիրները, փորձել ենք մեր պահանջը ռացիոնալ փաստարկներով հիմնավորել, բայց արդյունքում կողմերի դիրքորոշումը մնացել է նույնը, այսինքն՝ գտնվում ենք փակուղային վիճակում»:
Նշենք, որ բոյկոտող աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում 50%-ով, իսկ Կոմբինատից հայտնել էին, որ կարող են ապահովել միայն 20 տոկոս բարձրացում, սակայն աշխատողների համար դա բավարար չէ։
Վահե Մխիթարյանը մանրամասնեց. «Խոսքը, իրականում, ոչ թե 20 տոկոս բարձրացման մասին է, այլ նշել էին՝ մինչև 20 տոկոս՝ 5-ից 20% բարձրացում, ու այն էլ ոչ բոլորին է վերաբերվում։ Ոչ մի զիջման չեն գնում, մենք նույնիսկ առաջարկել էինք բարի կամքի դրսևորում, մի սիմվոլիկ գումար, որը կվերականգներ վստահության փշուրները, որոնք մնացել են, և նույնիսկ այդ առաջարկներն են մերժվել։ Մենք անգամ առաջարկել ենք, որ որոշակի երաշխիքներ տան, որ գործադուլ անողների մասով ոչ մի հետապնդում, տույժ ու պատիժներ չեն իրականացնելու, բայց այս պահին արդեն աշխատակիցներ ունենք, որ ծանուցումներ են ստացել գործադուլի բացակայությունների մասով, իսկ որոշ արտադրամասերում հայտարարվել է, որ պարգևավճարներն են հանել»։
Մի քանի օր առաջ MediaHub-ը բացառիկ տեղեկություններ էր իմացել, թե ԶՊՄԿ-ում ցանկանում են բոյկոտողներին փոխարինել միգրանտներով, այս մասով Մխիթարյանն ասաց․ «Սա լուրջ արտադրություն է, յուրաքանչյուր արտադրության մասնագետը լուրջ մասնագետ է, իսկ միգրանտների մասով՝ թող իրենք որոշեն։ Բոլորն էլ մասնագետ մարդիկ են, իրենց պահանջը ներկայացրել են, հասկանում ենք, որ սկզբունքի հարց էլ է, հաշվի առնելով այն փաստը, որ այս գործադուլի ընթացքում ակնկալվող շահույթը հնարավորություն կտար մի երկու տարի բավարարել մեր պահանջը, որի արդյունքում կունենային երջանիկ աշխատակիցներ և բարձր արտադրողականություն»։
Հարցին, թե որքա՞ն է շարունակվելու գործադուլը, ԶՊՄԿ–ի աշխատակիցը նշեց՝ մինչև կհասնեն փոխզիջման:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պետությունը չի միջամտելու այս խնդրին, ԶՊՄԿ-ի պարապուրդի հարցը նրա արհմիության եւ ղեկավարության տիրույթում է:
Մարիաննա Արամյան