Ռուբեն Վարդանյանի «բենեֆիսը»

Հիմա եթե նոր միությանը միանալու հարցն անխուսափելի է, պետք է հասկանալ՝ ոնց անենք, որ դառնանք, ասենք, Թաթարստանի պես Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը։ Այս մասին օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել-չստեղծելու մասին, ասել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։
«Եթե հարցը այդպես է դրված, նորից եմ ասում՝ պետք է մտածել՝ ոնց անենք, որ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը լինենք, ոչ թե, ասենք, ինչ-որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։ Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ՝ ոնց անենք, որ մեր լեզուն պահպանենք և այլն․․․ Աշխարհը այսօր բաժանվել է երկու մասի ու մեջտեղում մնալը շատ դժվար է։ Դու կամ այս կողմում ես կամ՝ մյուս։ Բոլորը հիմա ճնշում են, ասում՝ պետք է կողմնորոշվեք»,- հավելել է նա։
Եթե Ռուբեն Վարդանյանը պարզապես ռուսաստանցի գործարար լիներ, նրա ասածները նույնիսկ շատ բնական կդիտվեին՝ այն իմաստով, որ Ռուսաստանի քաղաքացին փորձում է առաջ մեղել իր երկրի օրակարգը։
Բայց այս պարագայում գործ ունենք մարդու հետ, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել, մեր երկրում փաստացի հովանավորում է մի կուսակցության, որն ակտիվ հայտ ներկայացրեց ՏԻՄ վերջին ընտրություններում։ Ավելին, խոսվում է, որ Վարդանյանի ամբիցիաները տեղական ընտրություններով չեն սահմանափակվում․ ըստ որոշ լուրերի՝ նրա հովանու ներքո գործող կուսակցությունը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ հենց Վարդանյանի դեմքով։
Այս ամենի համատեքստում՝ կարող ենք համարել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը Վարդանյանի քաղաքական բենեֆիսն էր, որը փաստորեն Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելու մասին էր։ Ընդ որում, ուշագրավ է, որ Վարդանյանը շատ առաջ է գնացել ու Հայաստանը համեմատել է, ասենք, ոչ թե Բելառուսի, այլ՝ Թաթարստանի հետ։ Սա նշանակում է, որ գործարարը խոսում է ոչ թե Հայաստանի՝ նոր միությանը մաս դառնալու, այլ՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին։
Հեռու ենք այն մտքից, որ նման ելույթներն արտացոլում են պաշտոնական Մոսկվայի տեսակետները․ ավելի շուտ ոմանք փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»՝ ակնհայտորեն մեր ազգային շահերի հաշվին։
Վահրամ Բագրատյան