Երեք միլիոն վարչապետ էինք, հիմա մեզ ոտնատակ են տալիս․ փարաքարցի

Երեք միլիոն վարչապետ էինք, հիմա մեզ ոտնատակ են տալիս․ փարաքարցի

Փարաքարում կրկին բողոքի ակցիաներ են։ Համայնքի բնակիչները շարունակում են պահանջել Վոլոդյա Գրիգորյանի՝ որպես համայնքապետ նշանակումը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը հենց Գրիգորյանն էր ստացել (10 մանդատ), սակայն նրա ստացած քվեները բավարար չէին, որ նա միանձնյա կարողանա իշխանություն կազմել։ Իսկ ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն ու ՔՊ-ն կոալիցիա կազմելով (5+6 մանդատ), կարող էին համայնքի ղեկն իրենց ձեռքն առնել։ Եվ հենց այդպես էլ եղավ։

«Այսօրվանից դատական գործընթացը սկսվում է, մենք պայքարելու ենք»,- նշեց քաղաքացիներից մեկը, ապա հավելեց, որ իրենք դրական արդյունք չեն ակնկալում։

Նրա խոսքով՝ փարաքարցիների 60%-ից ավելին ընտրել է մեկ մարդու, և այդ մարդը պետք է դառնա համայնքապետ։

«Մեր ակնկալիքն այն է, որ գործող համայնքապետը հասկանա՝ ինքը ժողովրդի կողմից չի ընտրվել ու չի կարող այդ պաշտոնը ստանձնել»,- ասաց նա։

Քաղաքացին նշեց, որ գործող համայնքապետի՝ Դավիթ Մինասյանի պես իրենք էլ կարող են մի աթոռի նստել ու ասել՝ իրենք են ղեկավարում։

«Մենք հավաքվել ենք, որ արդարությունը ոտնատակ չարվի։ Կառավարությունից էլ է գալիս․ էս ժողովուրդը վարչապետ ընտրեց, որ իրեն ոտնատակ տա՞»,- ասաց նա, ապա նկատեց՝ ինքը երեք միլիոն վարչապետներից մեկն էր, հիմա իր ձայնը չի՞ լսվելու։

Նա հարց բարձրացրեց՝ ո՞վ է տեսել մի բան, որ 2.5 տարի Դավիթ Մինասյանը ղեկավարի, հետո՝ ՔՊ թեկնածուն։

Ակցիայի մասնակիցներն այսօր պետք է գրություն փոխանցեն մարզպետարան՝ արդարությունը վերականգնելու պահանջով։