«Չհավատացի, մինչև չտեսա որդուս այրված մարմինը...». պապ ու թոռ հուղարկավորվեցին Ոստանում

«Չհավատացի, մինչև չտեսա որդուս այրված մարմինը...». պապ ու թոռ հուղարկավորվեցին Ոստանում

Մինչև 2020 թվականը Զաքարյանների ընտանիքն ապրում էր Հադրութում։ Բոլոր ընտանիքների պես իրենք էլ հազիվ ուղղել էին մեջքը, աշխատում էին, տուն վերանորոգում, երեխաներ կրթում։ 

Գայանեն MediaHub-ին պատմում է, որ անգամ 44-օրյա արհավիրքից հետո, երբ ամեն ինչ թողել են Հադրութում, չեն հուսալքվել, ամեն ինչ նորից սկսել են Ստեփանակերտում, բնակարան են վարձել, աշխատանք գտել, քար-քարի վրա դնելով՝ առաջ նայել։ Ամուսինը՝ Մհեր Զաքարյանը ծառայության էր անցել աշխարհազոր ուժերում։ Բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակն ամուսինները հաղթահարել են մեծ դժվարությամբ։ Բայց, դա դեռ սկիզբն էր։ Գայանեն հիմա երանի է տալիս այդ ծանր օրերին: Ասում է. «Բոլորս ներկա էինք, ընտանիքս ամբողջական էր»։

Սեպտեմբերի 19-ին` նախքան ռազմագործողությունները, Գայանեին զանգել են դպրոցից, ասել, որ երեխան ատամի հետ կապված խնդիր ունի։ Կինը գնացել և որդուն ուղեկցել է ատամնաբուժարան, հետո եկել Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսություն, որ որդուն թողնի իր քրոջ մոտ և գործով մտնի անձնագրային բաժանմունք։ 

«Լսվեց առաջին հարվածը Ստեփանակերտի վրա։ Սկսվեց պատերազմը։ Ես երեխայիս հետ մտել էի «ԺԵԿ»-ի ապաստարան, ոչ ոքի հետ կապ հաստատել չէր ստացվում, ամուսինս դիրքերում էր։ Տեսա, որ կրակոցները չեն դադարում, այդ պայթյունների տակ 8-ամյա տղայիս հետ ուզում էի դուրս գալ ու գնալ դպրոց։ Բարեկամուհիս ասաց, որ Արմանը գնացել ու տարել է քրոջը։ Ուրախացա, որ մեծ տղա ունեմ, միայն իր մասին չի մտածել»,- պատմում է նա։

Կրակոցների ինտենսիվությունը նվազելուց հետո ընտանիքն այնուհետև տեղափոխվել է Գայանեի մոր թաղամասի նկուղներից մեկը, քանի որ իրենց վարձակալած բնակարանը Կրկժանում էր, իսկ ադրբեջանական զորքն այդ ուղղությամբ առաջխաղացում ուներ։ Այդ ընթացքում Մհերից որևէ լուր չուներ, անհասանելի էր։ Գայանեն մտածել է ամենավատի մասին, բայց Մհերը հրաշքով վերադարձլ է։

«Երբ տեղահանումը դարձել էր անխուսափելի, մենք էլ բոլորի պես պատրաստվում էինք, ուժասպառ, անտրամադիր։ Մհերի հետ բառ փոխանակել չէր լինում, եղբոր՝ քեռու տղայի դիակը մնացել էր դիրքերում, իսկ մեր դուրս գալը հետաձգվում էր, չնայած, որ վառելիք էլ չունեինք։ Աշխատանքը բաժանեցինք․ Մհերն առավոտյան գնում էր օպերատիվ շտաբ եղբոր դին տեղափոխելու հարցերով, իսկ սկեսրայրս զբաղված էր վառելիք գտնելու գործով։ Ասացին` «Հայկազովում բենզին են բաժանում», առանց իմանալու ո՞վ է կազմակերպում, ո՞վ է պատասխանատուն, սկսեսրայրս որոշեց գնալ, նրան միացավ նաև 14-ամյա տղաս, որ պապիկը մենակ չմնա»,- պատմում է կինը։ 

Ապա քաղաքում լուրեր են տարածվել պայթյունի մասին։ Գայանեն տեղեկացրել է ամուսնուն ու կես ճանապարհը ոտքով, մի մասը՝ մեքենայով հասել են դեպքի վայր։ 

«Արմանս ճարպիկ տղա էր, երբ տարածքում չտեսա նրան, հետո հիվանդանոցներում փնտրեցինք վիրավորների, ավելի ուշ՝ մահացածների մեջ ու չգտանք։ Հույսս ամբողջությամբ կտրվեց, զգացի, որ տղաս ողջ չէ»,- ասում է Գայանեն։

Սեպտեմբերի 27-ին լուր չունենալով ո՛չ Ռաֆիկ պապիկից, ո՛չ Արմանից, ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը։ Խորհուրդ են տվել գնալ ու փնտրել Երևանում։ Հայաստանյան բոլոր բուժհաստատություններում փնտրտուքներին զուգահեռ, նաև ԴՆԹ թեստ են հանձնել, երազելով՝ «գոնե համընկնում չլինի», քանի որ լսել էին վիրավորներ են տեղափոխել Ադրբեջան։ 

«Ամեն մի անցնող օրս անհնար է նկարագրել։ Սպասումը խեղդում էր։ Բայց հոկտեմբերի սկզբին զանգեցին-ասացին՝ «եկեք Հերացի»։ Արմանիս դիակը նույնականացվել էր։ Խելագարի պես ինձ պատեպատ էի տալիս։ Չհավատացի, մինչև իմ ցանկությամբ չտեսա որդուս այրված մարմինը, ու․․․․»։

Մեկ շաբաթ տևած ծանր ապրումներից հետո հաստատվում է նաև Գայանեի սկեսայրի ԴՆԹ-ն։ Հոկտեմբերի 9-ին, պապ ու թոռ, որ այդքան շատ էին կապված միմյանց հետ, Արարատի մարզի Ոստան գյուղում հուղարկավորվեցին միասին։ 

Արմանի նախասիրությունների մասին խոսելիս մայրը չգիտի՝ ինչից սկսի։ 14-ամյա տղան զբաղվում էր կարատեով, զուգահեռ՝ սիրողական ֆուտբոլով էր հետաքրքրված։ Դպրոցում սովորում էր գերազանց, ստեղծագործում էր։ Նրա գրած ձեռագիր բանաստեղծությունները ամենաթանկ հուշն են, որ Գայանեն իր հետ բերել է Արցախից...

Հունան Թադևոսյան