Ի՞նչ է ակնարկում Խորվաթիայի ԱԳ նախարարը

ԵՄ դիտորդական առաքելության մասին «ինքնատիպ» գնահատական հայտնել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս պարագայում էպատաժային հայտարարությունները նորություն չեն, ցավալին այն է, որ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունը հաստատապես հետևանքներ է ունենալու՝ ավելի խորացնելով Հայաստանի նկատմամբ անվստահությունը միջազգային գործընկերների մոտ:
Երևանում էր Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկած ԵՄ անդամ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան:
Գրլիչ Ռադմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը չի երաշխավորում ստատուս-քվոն:
Ի՞նչ է ակնարկում Գրլիչը:
Արդյո՞ք Խորվաթիայի ԱԳ նախարարն ակնարկում է, որ ԵՄ առաքելությունը կանխարգելիչ լուրջ մանդատ չունի ու լավագույն դեպքում՝ արձանագրելու է Ադրբեջանի հնարավոր ագրեսիան, որին գուցե հաջորդեն Արևմուտքի դիվանագիտական, քաղաքական հայտարարությունները, որոնք, որպես կանոն, հետևանքներ չեն առաջացնում Ադրբեջանի համար:
Իսկ գուցե Խորվաթիայի ԱԳ նախարարի ուղերձը վերաբերում էր Հայաստանի իշխանությանը, հատկապես՝ նրա վերջին շրջանի քաղաքականությանը:
Գրլիչն, ըստ ամենայնի, ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունը չարաշահում է ԵՄ առաքելության գործոնը՝ բանակցային գործընթացը ձգձգելու համար:
Ինչո՞ւ է արևմտյան մայրաքաղաքներում նման կարծիք ձևավորվել Հայաստանի իշխանության քաղաքականության մասին: Այս հարցի առաջին շահառուն Նիկոլ Փաշինյանն է, ով ամբողջապես տապալել է երկրի արտաքին քաղաքականությունը:
Վահրամ Բագրատյան