Ալիևը սկզբունքորեն ընտրում է ռուսական հարթակը, Փաշինյանն անում ճիշտ հակառակը. Դանիելյան

Նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետի հանդիպումը: Սա առաջին դեպքն է, երբ Փաշինյանը շփվում է ոչ Ալիևի հետ:
Ալիևի հետ վերջին երկու հանդիպումների չեղարկումից հետո կարո՞ղ ենք ասել, թե Ալիևը այլևս չի ուզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել և, փաստացի, խաղաղության ջատագով Փաշինյանը, այսպես ասաց, «կլասը» գցել է՝ հանդիպելով Ադրբեջանի վարչապետի հետ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Քաղաքականության մեջ գոյություն ունեն ընդունված օրենքներ, որոնք խախտել չի կարելի։ Երկրի ղեկավարը մյուս երկրի երկրորդ, երրորդ կամ չորրորդ դեմքին կընդունի, եթե գալիս են իր մոտ հյուր։ Եվ հաշվի առնելով, թե ինչ հարաբերություններում ենք, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետի հանդիպումը կարելի է համարել Փաշինյանի կարգավիճակի իջեցում»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով Թբիլիսիի համաժողովում Փաշինյանի կողմից ներկայացրած քարտեզին, որում անկլավները չկային, քաղաքագետը նշեց, որ անկլավների և ճանապարհների հարցը կախված է խոշոր խաղացողներից և նրանից, թե արդյոք նրանց միջև ինչ համաձայնություն կլինի։ Նաև կարևոր է Հայաստանի դիրքորոշումը , բայց, հաշվի առնելով այս գործող կառավարության և Նիկոլ Փաշինյանի հինգ տարվա փորձը, կարելի է ենթադրել, որ հնարավոր բոլոր տարբերակներից կընտրվի ամենավատագույնը։
«Ալիևի հանդիպումներից խուսափելու պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շատ ճկուն քաղաքականություն է վարում, երբ իրեն պետք է լինում, հանդես է գալիս Ռուսաստանի և Իրանի դեմ, ստանում է Արևմուտքի աջակցությունը, և ինչ հնարավոր է ստացել է՝ այս դեպքում Արցախը, և արդեն փորձում է խաղալ Ռուսաստանի և Իրանի դաշտում։ Եվ մենք տեսնում ենք, որ Ալիևը սկզբունքորեն ընտրում է ռուսական հարթակը բանակցություններ վարելու համար, իսկ Հայաստանը ճիշտ հակառակն է անում։ Այս փուլում կոմունիկացիայի հարցում ռուսական, թուրքական և իրանական տարբերակին է գնում Ալիևը և այն խոչընդոտները, որ կային Իրանի հետ, հարթվում են և փորձում են փոխզիջումների գալ։ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի դաշտում, որը կոնկրետ հետաքրքրություններ այս դաշտում չունի, իսկ Ալիևն ընտրում է այն հարթակը, որ իրեն ավելի շատ բան է խոստանում»,- հայտնեց Դանիելյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Փաշինյանի «ընկերը» Վրաստանի գործընկերն է՝ Սաակաշվիլին, որը շատ լավ գիտենք, թե որտեղ է գտնվում և իր քաղաքականությունը ինչ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար՝ տարածքային կորուստների տեսքով։ Այս նույն ճանապարհը ընտրել է նաև Փաշինյանը և սույն անձնավորությունը, հակառուսականություն և հակաիրանականություն վարելով, բնականաբար վատ հետևանքների կհանգի։
«Մեր տարածաշրջանում կայունություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան հանգեն ինչ-որ հարցերի շուրջ փոխզիջումների։ Եվ հիմնական հարթակն այն է, որտեղ Հարավային Կովկասի երեք մեծ երկրներն են ներկայացված և երեք փոքր երկրները. այդ հարթակը երկարատև խաղաղության հասնելու միակ հնավորությունն է։ Հարթակ փոխելը և հակառուսականությունն ու հակաիրանականությունը՝ դա հիվանդագին քաղաքականություն է, որը մեզ լավ տեղ չի տանի»,- շեշտեց նա։
Հարցին՝ ի՞նչ խաղ է խաղում Փաշինյանը, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Հիմա այս հարցի հիմնական պատասխանն է՝ գործ ունենք ոչ կայուն հոգեկան առողջական վիճակում գտնվող անձի հետ, որն ինքնուրույն ինչ-որ քաղաքականություն է վարում, ինչն իր գլխում է պատկերացնում, մենք էլ իր պատկերացումների և երևակայությունների զոհն ենք դարձել»:
Մարիաննա Արամյան