Սպասում ենք Արենին. պատկերացնում եմ 3 տարի գերության մեջ գտնվողների ընտանիքների ուրախությունը
Ադրբեջանից Հայաստան վերադարձրած ռազմագերիներից մեկը Ստեփանակերտից է, Արեն Իսանյանն է։ Վերջինս գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20 մարտերի ընթացքում։
Օրեր առաջ հրապարկված ցանկում ընտանիքը չի հանդիպել Արենի անունը, թեպետ սպասումը մեծ է եղել։
Քույրը՝ Կարինեն MediaHub-ին ասաց, որ այս պահին իր մորեղբոր տանը անբացատրելի ուրախություն է։
«Լրատվական կայքերում տեսանք, որ գերիներն արդեն Հայաստանում են, նրանց մեջ նաև քեռուս տղան է, Արենը։ Երկու ամիս է սպասում ենք այս լուրին։ Պատկերացնում եմ 3 տարի գերության մեջ գտնվող տղաների ընտանիքների ուրախությունը։ Անունները հրապարակելուց հետո զանգերը չեն դադարում, միմյանց աչքալույս ենք հղում»,- ասաց քույրը` նշելով, որ Արենի 20-ամյակը մի շաբաթ առաջ է լրացել։
Արեն Իսանյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ 6 հոգով հայտնվել են շրջափակման մեջ։ Նրանցից մեկը եղել է վիրավոր վիճակում։ Արենը որոշել է մնալ վիրավոր ընկերոջ մոտ, մյուսները ճեղքել են շրջափակումն ու փրկվել։ Ընտանիքն Արենին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում է տեսել, երբ ադրբեջանցի զինծառայողները մոտենում են նրան, «օգնություն ցուցաբերում»։
«Այդ կարճ տեսանյութն օգնեց մեզ, որ դադարեցնենք եղբորս որոնումները։ Կարմիր խաչի միջոցով ճշտել ենք լուրի իսկությունը»,- ասաց քույրը։
Հունան Թադևոսյան