Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարը հարցաքննվե՞լ է

Մերձավանում այս գիշերը հանգիստ չի անցել։ Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ, մեկ մարդ վիրավորվել է:
MediaHub-ի տեղեկություններով՝ գիշերը Մերձավանում սպանված երիտասարդը 29-ամյա Գրիգոր Օհանյանն է: Նա համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին է:
MediaHub-ի տեղեկություններով՝ Մերձավանի վարչական ղեկավարն առավոտվանից Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է: Քննչականից մեր հարցադրմանն ի պատասխան նշեցին, թե նման տեղեկատվություն չկա։ Հարցրեցինք՝ չի՞ էլ հարցաքննվել, ՔԿ–ից կրկնեցին՝ նման տեղեկատվություն չկա։
«Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց է եղել կրակոցը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ»,– նշեցին Քննչականից:
Մարիաննա Արամյան