Ո՞նց կարող է թշնшմու բանտում գտնվող հայը լավ վիճակում լինի, տեսե՞լ եք Լևոն Մնացականյանի նկարները

Ո՞նց կարող է թշնшմու բանտում գտնվող հայը լավ վիճակում լինի, տեսե՞լ եք Լևոն Մնացականյանի նկարները

Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին և տեսակցել Բաքվում գերության մեջ գտնվող մեր մյուս հայրենակիցներին։ Հարազատները Հայաստանում տեսել են և՛ հաղորդագրությունը, և՛ դրան կից լուսանկարները։ 

«Ես հիմա հիվանդանոցում եմ, նկարները աղջիկս է ցույց տվել։ Նախորդ ամիսների համեմատ՝ տղաս շատ է նիհարել, բայց համեմատած Լևոն Մնացականյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ, իմ տղան ավելի լավ վիճակում է»,- MediaHub-ին ասաց գերության մեջ գտնվող տղաներից մեկի մայրը։

Ադրբեջանական ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանն ասել է, որ «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։ 

«Ի՞նչ իմանանք, թե ի՞նչ հարկադրանքի տակ են մեզ հասնում այդ հաղորդագրությունները, մանավանդ, որ գիտենք՝ ինչ ուզեն, կգրեն։ Ո՞նց կարող են թշնամու բանտում գտնվող հայերը լավ վիճակում լինեն։ Տեսե՞լ եք Լևոն Մնացականյանի նկարները, կաշին ու ոսկորներն են մնացել»,- ասում է մեր զրուցակիցը։

Հրապարակված լուսանկարներն ակնհայտ ցույց են տալիս, թե ինչ վիճակում են գտնվում Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները, հյուծված ու ծերացած։ 

«Ադրբեջանական կողմը որքան էլ փորձում է կոծկել, նկարներից պարզ երևում է, թե ինչ հալածանքների են նրանք ենթարկվում։ Չեմ կարող չասել, որ նախորդ ամիսներին նման ենթադրություններ անգամ չունեի, ամեն ինչ սկսվեց այս վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ անընդհատ ձգձգում են դատավարությունը»,- նշում է մայրը։ 

Գերությունից որդուն սպասող մայրը հիվանդանոցից է հետևում լրահոսին։ Երեկ նրան նյարդայնացրել ու վերստին հիասթափեցրել է Արտակ Զեյնալյանի՝ գերիներին առնչվող հայտարարությունը։ 

«Եթե Բաքվի բանտում ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ միջազգային իրավապաշտպաններին ու բժիշկներին թույլ չեն տալիս այցելել մեր տղաներին։ Փաստորեն ստացվում է, որ Արտակ Զեյնալյան կոչվա՞ծն է Ադրբեջանի ՄԻՊ-ը»,- հավելում է մայրը, ապա նշում, որ բազմաթիվ գրություններ են ուղարկել ՀՀ կառավարությանը, սակայն, մինչ օրս որևէ արձագանք չկա։

Հունան Թադևոսյան