Իշխանությունը քայլ առ քայլ ՀՀ-ն մոտեցնում է կապիտուլյացիային, որը «խաղաղության» քողի տակ կմատուցեն ժողովրդին

Իշխանությունը քայլ առ քայլ ՀՀ-ն մոտեցնում է կապիտուլյացիային, որը «խաղաղության» քողի տակ կմատուցեն ժողովրդին

«Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվի ու այս անգամ էլ կատարի Ալիևի պահանջը, ապա վերջնականապես կփակվի հայոց պատմության վերջին էջը։ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է ոչ թե սպասված խաղաղությանը, այլև՝ կապիտուլյացիային, որը «խաղաղության» քողի տակ կմատուցեն ժողովրդին, իսկ Հայաստանը կդառնա թուրք-ադրբեջանական «բազար-վակզալ»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կանադահայ հասարակական գործիչ, վերլուծաբան Հովհաննես Այնթափլեանը։ 

Այս տարվա հունվարին, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե՝ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար», դա, Այնթափլեանի խոսքով, նոր էսկալացիայի համար հող նախապատրաստելու նպատակ ուներ։ 

«Արցախի հայաթափումը Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ կազմակերպելուց հետո՝ դա Ալիևի ամենառազմաշունչ ելույթն էր, չէ՞ որ Բաքվի բռնապետը նաև ասել է, որ այլ ելք մենք չունենք, քան ֆաշիզմի վերացումը։ Ես զարմանում եմ, թե Փաշինյանն ու ՔՊ-ականներն ինչո՞ւ են հանդուրժում այս նվաստացումները»,- նշում է նա։ 

Վերլուծաբանի կանխատեսումներով՝ հեռու չէ այն ժամանակը, երբ ՔՊ-ականները կհասկանան, որ վերջնականապես վտանգի տակ է Հայաստանի պետականությունը, ու երբ փորձեն հրաժարվել Փաշինյանից ու իր գաղափարներից՝ հնարավոր է և ուշ լինի։ 

«Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է նոր պահանջ. Արցախում զինվորական ծառայություն ունեցած, Արցախի ՊԲ-ի հետ երբևէ կապ ունեցած անձանց հանձնումը Ադրբեջանին: Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ հասկանա, որ խոսքը մի քանի հոգու մասին չէ, այլ հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր նույնիսկ թեկուզ մեկ անգամ այցելել են Արցախ։ Հիշեցնեմ, որ Բաքվում ապօրինի դատվող Ռուբեն Վարդանյանի մեղադրանքներից առնվազն մեկը հենց «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածով է»։ Պատկերացրեցի՞ք՝ քանի հայ տղա է ծառայել Արցախում։ Դե հիմա էլ հայտարարեք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Հայաստանի գահավիժումը սկսվեց այդ մի անմեղ նախադասությունից, որը հնչեց իբրև բարի կամքի դրսևորում և խաղաղության նախերգանք, բայց գլխներիս դարձավ հայտնի առակի «կուժն ու կուլա»-ն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան