Ինչո՞ւ Պապիկյանը «բոյկոտեց» Ներքին Հանդը

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահմանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը:
Մի քանի օր առաջ հենց այս գյուղից ահազանգեր ստացվեցին, որ ադրբեջանական ստորաբաժանումները շուրջ մեկ կիլոմետր ներխուժել են Ներքին Հանդի վարչական տարածք։ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը, պարզաբանեց, թե այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր:
Ներքին Հանդի բնակիչները սպասել են պաշտպանության նախարարին, որպեսզի Սուրեն Պապիկյանին բացատրեն, որ այնտեղ, ուր ներխուժել ու տեղակայվել են ադրբեջանցիները, Հայաստանի Հանրապետության տարածքն է։
Բայց Պապիկյանը Երևան է վերադարձել՝ այդպես էլ գյուղ չայցելելով։
ՊՆ նախարարի նման պահվածքն ավելի է խորացրել կասկածները, որ նրա գերատեսչության տարածած հաղորդագրությունն արժանահավատ չէ։ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կամ անգործություն է դրսևորել՝ թույլ տալով, որ թշնամին առաջանա դեպի մեր երկրի տարածք, կամ էլ՝ գործ ունենք հերթական բանավոր պայմանավորվածության հետ։
Հետպատերազմյան Հայաստանում երկու իրականության հետ էլ բախվել ենք, հետևաբար՝ Սյունիքի սահմանամերձ համայնքներում լեգիտիմ մտավախություններ ունեն, որ Հայաստանի իշխանությունն իրենց թիկունքում կրկին ստվերային պայմանավորվածությունների մեջ է։
Պապիկյանի «բոյկոտը» Ներքին Հանդի հանդեպ միայն խորացրել է կասկածները։
Հրանտ Բագրատյան