Հայաստանում ունե՞նք վարչապետ

Հայաստանում ունե՞նք վարչապետ

Երեկ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ուշագրավ մի դիտարկում արեց։

Նա ասել է, թե տպավորություն ունի, թե Հայաստանում վարչապետ չունենք։

Իհարկե, շատերը կարող են ասել, որ Մկրտչյանն առաջնորդվել է ընդդիմադիր չարակամությամբ։ Աշխարհի բոլոր ընդդիմադիրներն են հաճախ կոշտ արտահայտվում գործող իշխանությունների հասցեին, անգամ՝ ժողովրդավարական կայուն ավանդույթներ ունեցող ԱՄՆ-ում, որտեղ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, «քարը՝ քարին չի թողնում», երբ խոսում է գործող նախագահ Ջո Բայդենի մասին։

Մյուսները կարող են համարել, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի հարցադրումը հռետորական է, որը չի ենթադրում կոնկրետ պատասխան՝ իր վերացականության պատճառով։

Մյուս կողմից, երբ Աննա Մկրտչյանի ռեպլիկը դիտարկում ենք բովանդակային հարթության վրա, տեսնում ենք, որ նրա մեջ իրականության հատիկն ավելի մեծ է, քան՝ պոպուլիզմի, անհանդուրժողականության կամ հռետորականության բաղադրիչները։

Այո, ֆորմալ առումով՝ Հայաստանում վարչապետ կա, անուն- ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան, որը տիրապետում է ամբողջ իշխանությանը, վայելում է «գենսեկին» բնորոշ վայելքներ՝ նազիր- վեզիրներ, կառավարական ամառանոցներ, թիկնապահներ և այլ։

Սակայն՝ երբ դիտարկում ենք Փաշինյանի ու կաբինետի գործունեությունը՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ, ռազմավարական ու օպերատիվ կառավարման տեսանկյունից, տեսնում ենք, որ Հայաստանը դե ֆակտո վարչապետ ու կառավարություն չունի։

«Ապագա կա»-ն դատարկ կարգախոս է, որն ամրապնդված չէ զարգացման կոնկրետ ծրագրերով։

Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է՝ գազ չկա, իրավիճակն ավելի բարդանում է Բաքվի կոշտ հռետորաբանության հետևանքով ու այս համատեքստում ականատեսն ենք լինում Հայաստանի կառավարության կատարյալ անգործությանը կամ անճարությանը։

Մյուս հարցը՝ գլոբալ հակադրության պայմաններում համաշխարհային տնտեսական ճգնաժամ է։ Բոլոր երկրները վերանայում են բյուջետային ծախսերը, տնտեսական աճի կանխատեսումները, բայց մեր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է հավատալ 5,3% տնտեսական աճին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ԿԲ-ն արդեն վերանայել է իր կանխատեսումը` 5,3%-ից իջեցնելով 1,6%:

Նման անմեղսունակության հնարավոր չէ հանդիպել այլ երկրներում։ Երեկ պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Տիգրան Աբրահամյանը հետևողականորեն ուզում էին իմանալ, թե ստեղծված իրավիճակում՝ ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր ունի կառավարությունը։ Քար լռություն։

Այս համատեքստում՝ միանգամայն իրական է հնչում Աննա Մկրտչյանի պնդումը, թե Հայաստանում վարչապետ չունենք։

Վահրամ Բագրատյան