Հեղափոխական «բեսպրեդել»

Մի խումբ փաստաբաններ մեկ շաբաթ է պնդում են, թե Սահմանադրական դատարանը պետք է քննարկի դատավոր Սեդա Սաֆարյանի պաշտոնանկության հարցը:
ՍԴ-ն ու ԱԺ-ն, սակայն, լուռ են ու, ըստ ամենայնի, սպասում են իշխանության, Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմանը:
Փաստաթղթերը վկայում են, որ Սահմանադրական դատարանի դատավոր լինելով՝ անցած տարեվերջին որպես փաստաբան Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան։
Սաֆարյանը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնել է անցած տարվա դեկտեմբերի 16-ին։ Դրանից 12 օր անց վերաքննիչ դատարան է ներկայացվել նույն Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ մի դիմում, որտեղ նա ներկայացել է որպես փաստաբան։
Երկարամյա փաստաբանական գործունեությամբ հայտնի Սաֆարյանն այս փաստերը չի հերքում, պնդում է միայն, թե դիմումը այդ օրը չի գրել․ նախորդ գրածն է խմբագրել.
«Դեկտեմբերի 5-ին գրված բողոքը հետ ա վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում ա ինչ-որ փաստաթուղթ։ Դա դրվել ա, հետ ա ուղարկվել։ Դա նոր բողոք չի եղել, դա դեկտեմբերի 5-ի բողոք է»,- «Ազատությանն» ասել է ՍԴ անդամ Սաֆարյանը
Գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է՝ Սեդա Սաֆարյանի արարքի մեջ հանցակազմ չկա։
Եթե նույնիսկ Սեդա Սաֆարյանի գործողություններում քրեական հանցակազմի բաղադրիչ չկա, դատավորն առնվազն խախտել է բարեվարքության կանոնները:
Նա չէր կարող չգիտակցել, որ դատավորի կարգավիճակում իրավունք չունի կատարել փաստաբանական գործառույթ ու Սաֆարյանի պոստֆակտում արդարացումները ոչ միայն համոզիչ չեն, այլ ավելի տխուր եզրահանգումների տեղիք են տալիս:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սաֆարյանը պաշտպանված է քաղաքական իշխանության հովանոցով ու իրեն պատասխանատու է համարում ոչ թե օրենքի, ԱԺ-ի, ՍԴ-ի, այլ՝ Փաշինյանի առջև, որից էլ, ըստ ամենայնի, ստացել է «անձեռնմխելիության» երաշխիքներ:
Ի դեպ, Սաֆարյանը փաստաբանական համայնքի, քաղաքական հասարակության այն ներկայացուցիչներից մեկն էր, որ հետհեղափոխական շրջանում անընդհատ պնդում էր վեթինգի, դատական բարեփոխումների անհրաժեշտությունը: Եթե սա է այս տիկնոջ ու նրա աջակիցների «ռեֆորմիստական» պատկերացումը, ապա Հայաստանի ներկա վիճակը կարելի է բնութագրել շատ հակիրճ՝ հեղափոխական «բեսպրեդել»:
Վահրամ Բագրատյան