Մեր ռազմաբազան Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է. հայացք Ռուսաստանից

Մեր ռազմաբազան Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է. հայացք Ռուսաստանից

Նախօրեին Փաշինյանն իր տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների առկայության մեջ առավելություններ չի տեսնում և որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում՝ անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության անվան տակ։։ 

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, մեկնաբանելով Փաշինյանի տված հարցազրույցը, այսօր ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել և նշել է, որ Ռուսաստանը հայ ընկերների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։

MediaHub-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկան նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ շահագրգռված է կայունությամբ։ Եվ անդրկովկասյան տարածաշրջանում ռուս զինծառայողները սկզբունքորեն կայունության երաշխիք են։ 

«Աշխարհաքաղաքական այսպիսի բարդ ժամանակներում փնտրել նոր գործընկերների, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, ինչ է կատարվում, ամբողջությամբ փոխել և տեղակայել դաշնակցային նախագծերը այլ երկրների հետ.... Ռուսաստանն, իհարկե, նույնպես ունի իր խնդիրները, իր ռազմավարական շահերը։ Բայց ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մեր խաղաղապահները կատարել են իրենց պարտականությունը և մնալու դեպքում կկատարեն իրենց պարտքը։ Ընդ որում, հարցերը, որոնք առնչվում են Հայաստանի անվտանգությանը, հետագա զարգացումը սկզբունքորեն պետք է ընթանան այն դաշնակիցների հետ, ովքեր ապացուցել են իրենց կարողությունները»,- ասաց Սապրիկան։

Ըստ քաղաքագետի, նույն Եվրամիությունը շատ հեռու է Հայաստանից, և եթե խոսենք այն հնարավորությունների մասին, որ ունի ԵՄ-ն, ապա դրանք հավանաբար արդեն սպառվել են։ Ասում է՝ մենք դա տեսնում ենք, այդ թվում՝ հոգնածություն Ուկրաինայից, Մերձավոր Արևելքի հակամարտություններից և դժվար է մտածել, թե Եվրամիությունը կզբաղվի Անդրկովկասին վերաբերող հակամարտություններով։

«Մենք պրագմատիկ հարաբերությունների հույս ունենք Հայաստանի կառավարությունից, և ես հույս ունեմ, որ ռուսական ռազմական բազան կմնա, այն պետք է մնա։ Ամեն դեպքում, դա, հավանաբար, կլինի մեր ապագա հարաբերությունների բանալին: Կարծում եմ, որ սա կարևոր է Հայաստանի համար որպես երկրի, որն այժմ գտնվում է իր մրցակիցների ուշադրության կենտրոնում, որը կապահովի Հայաստանի ազգային անվտանգությունը։ Մեր բազան, հավանաբար, Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է»,- ասաց նա։

Օրերս ռուսական «Առաջին ալիքը» Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդում էր պատրաստել, որտեղ քաղաքագետներն ու այլ փորձագետներ քննադատում էին ու մեղադրում Փաշինյանին։ Ռուս քաղաքագետը նշեց, որ հեռարձակումից հետո քննադատություններ կան, բայց կան նաև կողմնակիցներ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, կարծում է քաղաքագետը, որ դա չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։ 

«Իհարկե, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում անհրաժեշտ է քննարկել արտաքին քաղաքական իրադարձությունները և պետությունների կողմնորոշումները։ Բայց նման հայտարարությունների համար, նախ, անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք պատասխանատու են համագործակցության համար։ Մենք գիտենք, որ ունենք մի քանի ընդհանուր խորհուրդներ, որոնք ուղղակիորեն աշխատում են և կարող են մշակել համատեղ ռազմավարություն և զարգացման համատեղ ծրագրեր: Մենք տեսնում ենք ծրագրեր, տնտեսական նախագծեր, որոնք մշակվել են համատեղ, իսկ օրենսդրական մակարդակում կան հսկայական քանակությամբ փաստաթղթեր։ Ես դեռ հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը դուրս կգա միայն տնտեսական նախագծերից և կցուցաբերի նաև քաղաքական կենսունակություն»,- ասաց քաղաքագետը։ 

Սապրիկան նաև նշեց, որ Ռուսաստանի համար Հայաստանին դաշնակից տեսնելն ընդհանրապես դարավոր պատմական համակեցություն է։ Մեր զրուցակցի խոսքով, իրենք պատմություն չենք վերաշարադրում ի տարբերություն արևմտյան գործընկերների, չեն փորձում այն փոխարինել կեղծով, իսկ պատմականորեն Հայաստանը և Ռուսաստանը մեծ կապեր ունեն։

«Մեր երկրները միասին էին Ռուսական կայսրության փլուզումից հետո, նրանք միասին կառուցեցին Խորհրդային Միությունը։ Այսինքն՝ նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Խորհրդային Միության, այլև արդեն անկախ ժամանակաշրջանում պետականության կայացմանը։ Հետեւաբար, մեր համագործակցությունն ունի դարերի հաստատում և Ռուսաստանը Հայաստանին միշտ վերաբերվում է որպես դաշնակցի: Երբ ռուսը գալիս է Հայաստան, տեսնում է ապրելու հրաշալի երկիր։ Երբ Հայաստանից մարդիկ գալիս են Ռուսաստան, նրանք նույնպես իրենց օտար չեն զգում։ Հետևաբար, ամենօրյա մակարդակով մենք շատ մոտ ենք»,- եզրափակեց քաղաքագետը։

Մարիաննա Արամյան