Ֆիննախից հայտնում են`սա «Հայաստան» խմբակցության նախագիծն է, որն իրենց կողմից անընդունելի է

Ֆիննախից հայտնում են`սա «Հայաստան» խմբակցության նախագիծն է, որն իրենց կողմից անընդունելի է

MediaHub-ը քիչ առաջ մի նյութ հրապարակեց, ըստ որի՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգարկված հարցերից մեկով, որն, ի դեպ, ընդգրկված է չզեկուցվող հարցերի փաթեթում, կառավարությունն առաջարկում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

Փաստաթղթում բառացի գրված է․ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը. «Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում»։ 

Այնուհետև, որպես նախագծի ընդունման հիմնավորում, քննադատության է ենթարկվում այս համակարգի կիրառումը։ 

Քիչ առաջ Ֆինանսների նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ և ասացին, որ այս նախագիծը, իրականում, ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկությունն է, որն ընդգրկվել է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում, և դեռ հարց է՝ կընդունվի՞ այն, թե՞ ոչ։ Կառավարությունը, սակայն, նիստի հենց սկզբում ընդունեց այս փաթեթը։

Ֆիննախից, սակայն, պարզաբանեցին, որ առանձին տեղեկանքով կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ, ինչը, բնականաբար, բացասական է: Մասնավորապես, երկար-բարակ հիմնավորումներից հետո կառավարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է: 

Վահե Մակարյան