«Հոպակ» պարող գեներալը․ Գագիկ Մելքոնյանը «պարել» է Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի համար, հիմա «կոտրատվում» է Փաշինյանի առաջ

Նախկին Էջմիածնի շրջանում մի հրաշալի գյուղ կա՝ Հայկաշենը։ Այս գյուղը՝ իր լավագույն ավանդույթներով, կոլորիտով, հիշելու առիթ դեռ կունենանք։ Այսօր անդրադարձի թեման այլ է՝ գեներալ, ՔՊ նորաթուխ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այս գյուղից է։ Չգիտեմ՝ ոնց կդասավորվեր Մելքոնյանի կյանքը, եթե 88-ին չսկսվեր համազգային շարժումը։ Մարդիկ ասում են՝ նա այդ ժամանակ աշխատում էր Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Բարեկեցիկ կյանքով չէր ապրում, բայց ասում են «թիկունքի», «պահեստի» գծով առաջին մկրտությունը Մելքոնյանը ստացել է հենց այս համալիրում։ Անցան տարիներ, արցախյան առաջին պատերազմն էր, Գագիկ Մելքոնյանը երբեք հայտնի հրամանատար չի եղել՝ միշտ մնացել է էջմիածինցի մեկ այլ գեներալի՝ Մանվել Գրիգորյանի ստվերում։ Այդ հիմա է նա «խմբագրում» իր կենսագրությունը՝ իր ներկայացնելով որպես երեք պատերազմների «արծիվ»։ Սակայն այս թեմային դեռ կանդրադառնանք, մանավանդ, որ Մելքոնյանի գեներալական ուսադիրների մասին հայկաշենցի նրա հարևան տատիկը շատ դիպուկ է արտահայտվել։ Երբ Գագոն այլևս գեներալ էր, նա իր հարևան տատիկին ամբարտավանությամբ հարցնում է, թե արդյո՞ք կուզենար, որ նրա բանվոր որդին էլ գեներալ լիներ։ Տատիկը դիպուկ պատասխան է տալիս՝ ես չեմ ուզում անգրագետ գեներալ որդի ունենալ։ Հիմա՝ պաշտպանության նախարարության թիկունքի գծով նախկին պետ Գագիկ Մելքոնյանը եթերից- եթեր է վազում ու 44-օրյա պատերազմի մեղքը բարդում է արցախցիների ու իբրև թե «դասալքած» ընդդիմադիրների վրա։ «Արցախցի տղամարդիկ պատերազմի ժամանակ մասսայաբար փախչել են Հայաստան», «Արցախցիների մի մասը խոչընդոտում է Արցախի հայկական մնալուն ու չի ուզում պահել իր հայրենիքը»․ սրանք Գագիկ Մելքոնյանի «հանճարեղ» մտքերից մի քանիսն են։
Արցախում ինչպե՞ս են հիշում Մելքոնյանին
Արցախում հերոս հրամանատարներին բոլորն են ճանաչում, նրանց հիշում են անուն առ անուն։ Գագիկ Մելքոնյանը՝ չնայած իր հորինած լեգենդներին, նրանց շարքում չկա։ Էն Մելքոնյան Գագիկին ասեք՝ Ստեփանակերտում իրեն կառավարական բանկետներին «շեֆերի» համար «հոպակ» պարելիս հիշողներ կան, բանակի թիկունքի պետ եղած տարիներից «լավագույն հուշեր» պատմողներ կան։ Այս մասին կայքերից մեկի հետ զրույցում նշել է արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի գծով նախկին պետ Գագիկ Մելքոնյանի արցախցիների հասցեին հաճախ հնչող քննադատություններին։ Աթանեսյանի ակնարկը նախապատմություն ունի։ Մի փոքր՝ դրա մասին։ Պատերազմի մասնակցող հին տղերքը հիշում են, թե ինչպես էր խնջույքների ժամանակ Վազգեն Սարգսյանը «պարեցնում» Գագիկ Մելքոնյանին՝ ընդհանուրի հրճվանքի համար։ Համ էլ՝ մեր թիկունքի «քաջարի» պետը հոգում էր խնջույքների ծախսը՝ չմոռանալով, իհարկե, դրանից «քերել» իր հասանելիքը։ «Թիկունքի Գագոն» նույն բանը արել է նաև 2000-ականներին՝ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի համար։ Մարդիկ հիշում են, թե Արցախի տեսարժան վայրերում նա ինչպես էր խնջույքներ կազմակերպում «շեֆի» համար, հետո զվարճացնում էր նրան՝ «հոպակ» պարելով։ Հա, հա, պարում էր նույն Սերժի համար, որին այսօր քննադատում ու պիտակավորում է ամենավերջին բառերով։ Դե այդպես է, այն օրերին Սարգսյանը Գագոյի համար «հերոս» էր, որովհետև նրան էր տվել բանակի «պահեստի բանալիները», այսօր «հերոսը» Նիկոլ Փաշինյանն է, որը նոր «յուղոտ» հեռանկարներ է բացել ժամկետանց գեներալի համար։
Մի կարևոր դրվագ՝ լուսանցքից
Գագիկ Մելքոնյանը 44-օրյա պատերազմին չի մասնակցել։ Հազար ապացույց ունեմ Արցախից։ Նա Քելբաջարում մի ապահով տեղ նստած՝ կատարել է Արծրուն Հովհաննիսյանի դուբլի դերը, այլ խոսքով՝ օրը երկու անգամ լայվ է մտել նիկոլապաշտ կայքերից մեկի եթերում ու «մաուզերիստի» «լոպազությամբ» զարգացրել է «հաղթել» ենք թեզը։ Մի խոսքով, կատարել է իշխանության պրոպագանդիստի դեր։ Այդպես միշտ Գագիկ Մելքոնյանը «հաղթել» է՝ «Հոպակ» պարողի, քարոզչական «ծաղրածուի» դերերում։
Ի՞նչ էր ուզում Մելքոնյանը Տեր-Պետրոսյանից ու Ծառուկյանից
2008-ից հետո Գագիկ Մելքոնյանն իբրև թե ընդդիմադիր դարձավ։ Նախագահ դարձած Սերժ Սարգսյանն այլևս «հոպակի» հավես չուներ ու նա որոշեց «կոտրատվել» սկզբում՝ Տեր-Պետրոսյանի, ապա Գագիկ Ծառուկյանի առաջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ Մելքոնյանը 2008-ին ՊՆ փոխնախարար էր, բայց որոշեց հրապարակավ պաշտպանել նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Օնիկ Գասպարյանին բազմիցս պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրող Մելքոնյանը փաստորեն տալիս է սեփական արարքի քրեա-իրավական գնահատականը։ Իհարկե, Մելքոնյանը Տեր-Պետրոսյանին «թիկունքից» էր պաշտպանում՝ անտեսանելի, իսկ իրականում սովորական «բազարի» մեջ էր՝ առաջին ու երրորդ նախագահների հետ։ «Թիկունքի Գագոն» որոշել էր նախարար դառնալ ու սպասում էր, թե Տեր-Պետրոսյան-Սարգսյան զույգից ով է վճարելու այդ գինը։ 2014-ին Գագիկ Մելքոնյանն արդեն «քաղաքական գրդոնի» մեջ էր․ իբրև աջակցում էր ընդդիմադիր «Քառյակին», բայց իրականում նրա ձեռքին էր հայտնվել Գագիկ Ծառուկյանի «քսակի բանալին»։
«Սնանկը»
Ուսումնասիրելով Գագիկ Մելքոնյանի ու նրա ընտանիքի ունեցվածքը՝ պարզվում է, որ նա վերջին տարիներին դատական գործընթացների մեջ է եղել, կորցրել է տունը, սնանկ ճանաչվել և այլն: Ակնհայտ տպավորություն է, որ Մելքոնյանը «թիկունքի» գործերով լավ մասնագետ ու նա ոչ թե բնական ճանապարհով սնանկացել է, այլ «սնանկացել» է՝ վարկային, հարկային պարտավորությունները չկատարելու նպատակով։ Կենցաղային լեզվով ասած, «գցել» է պետությանն ու բանկերին։ «Արաքսի ավազան», «Գոհար-Ս» ՍՊԸ, «Թոփ գազ» ՍՊԸ, «Գագվաս» ՍՊԸ, «Կամին» ՍՊԸ, «Գեղարդի ոսկե աքաղաղ», «Ակվա Տրիո» ՍՊԸ․ սրանք բոլորը Գագիկ Մելքոնյանի հետ փոխկապակցված անձանց ակտիվում գրանցված բիզնեսներ են, որոնք իրենց գործունեությունը հիմնականում դադարեցրել են անբարեխղճության՝ վարկային ու հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով։ Այդպիսի բան չի լինում, երբ մարդը կանխամտածված չի գնում սնանկացման։ Մելքոնյանի բիզնես գործունեության մի քստմնելի դրվագի մասին պատմում է «Հետք»-ը՝ բացահայտելով, թե ինչպես է Մելքոնյանն իր շահերի համար փորձել օգտագործել 44-օրյա պատերազմի հանգամանքը։ «․․․Որպես նոր երևան եկած հանգամանքներ բողոք բերած անձինք մատնանշել են Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ 27.09.2020թ. սկսված արցախա-ադրբեջանական պատերազմում ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Նշել են, որ 29.09.2020թ. մինչև պատերազմական գործողությունների ավարտը գտնվել է առաջնագծում: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը», և բողոքը վերադարձրել է»,- գրում է կայքը: Ի դեպ, Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, 2019թ. օգոստոսից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն է: Նորմատիվային բառապաշարը թույլ չի տալիս պատմել, թե կալանավորներն ու նրանց հարազատներն ինչպես են արտահայտվում կրտսեր Մելքոնյանի մասին։
Վահրամ Բագրատյան