Նոր օրենք կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչների համար

Նոր օրենք կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչների համար

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումն ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին և չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:

Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում։