«Առցանց դիվանագիտության» պերճանքն ու թշվառությունը

«Առցանց դիվանագիտության» պերճանքն ու թշվառությունը

Բանակցությունների շրջանակում Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել, օրերս հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։

«Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է, թե իբր Երևանն «անհիմն կերպով» խուսափում է կառուցողական բանակցություններից, ինչը լուրջ հարված է։

Երևանը, մինչդեռ, շարունակ հայտարարում է խաղաղության բանակցությունները շարունակելու պատրաստակամության և ընդհանրապես խաղաղության դարաշրջանի անցնելու մասին։

Կողմերը վաղուց են միմյանց մեղադրում բանակցային գործընթացը տապալելու հարցում ու սա նորություն չէ:

Բայրամովի հարցազրույցում նորություն է «առցանց դիվանագիտություն» տերմինը, ինչը թերևս միջազգային հարաբերություններում նույնպես նոր բան չէ, հատկապես՝ համավարակի շրջանում, բայց փոքր ինչ արտառոց է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում:

Նախ, «առցանց դիվանագիտությունը» գործածելի է այն դեպքերի համար, երբ հակամարտ կողմերը համաձայնեցրել են սկզբունքային հարցերը ու անցել են, այսպես կոչված, տեխնիկական դետալների քննարկմանը: Արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցություններն այդ փուլում են: Առաջին տպավորությամբ՝ ոչ, սակայն եթե նույնիսկ այդպես է, տարակուսելի է, որ մեր հասարակությունը տեղեկացված չէ բանակցությունների գոնե այն մանրամասներից, որոնք թույլ կտային պատկերացում կազմել դրանց ընթացքի մասին:

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական բանակցությունները գրեթե երաշխավորված կարելի է ձախողված համարել, եթե դրանք ընթանում են առանց միջազգային միջնորդների: «Առցանց դիվանագիտության» ձևաչափը միջազգային ներգրավվածություն չի ենթադրում:

Ի՞նչ երաշխիքներ ունի պարտված հայկական կողմը, որ միայն ադրբեջանական կողմի երաշխիքները բավարար են լինելու՝ կայուն խաղաղության հասնելու համար:

Մենք հույս ունեինք, որ պաշտոնական Երևանը պարզաբանում կտա այս հարցերին, սակայն այս դեպքում էլ Բայրամովի հայտարարություններն անպատասխան մնացին:

 

Վահրամ Բագրատյան