Չափդ ճանաչի՛ր, Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իրեն սկսել է «ալենավարի» պահել, այսինքն՝ Ալեն Սիմոնյանի պես։ Երբեմնի խելոք ու հեզ երիտասարդ «գիտնական» Միրզոյանը, որ այժմ ԱԳ նախարարի բարձր պաշտոնն է զբաղեցնում, կոստյում է հագնում, թիկնապահներով է շրջում և Ալիևի ու Բայրամովի հետ է շփվում, կարծես սկսել է չգիտակցել իր զբաղեցրած պաշտոնի բարձրությունն ու կշիռը՝ ցածրացնելով իրեն և անընդունելի վարքագիծ դրսևորել լրագրողների հետ շփումներում։
Մեկ էլ Ալենն է իրեն այդպես պահում։ Բայց նա գոնե Ալենն է, իսկ Արարատ Միրզոյանի մասին, համենայնդեպս, մի փոքր այլ՝ ավելի բարձր կարծիք կա ձևավորված։ Բայց, արի ու տես, այս էլ որերորդ դեպքն է՝ Միրզոյանն իրեն չափազանց ոչ կոռեկտ ու պաշտոնյայի համար ոչ ընդունելի կերպով է պահում լրագրողների հետ շփումներում ու վիրավորում մեզ, որի իրավունքը, բնականաբար, ոչ ոք իրեն չի տվել։ Ենթադրում ենք, որ այդպիսի, մեղմ ասած, ոչ հարիր ու պաշտոնյային ոչ սազական պահվածքը Միրզոյանը սովորել է կա՛մ ՔՊ-ի իր որոշ գործընկերներից, օրինակ՝ տեսնելով իր ընկեր Ալենի անպատժելի վարքագիծն ու ոգևորվելով դրանից, կա՛մ իր թուրք և ադրբեջանցի գործընկերներից։
Այսօր ևս այդ օրերից մեկն էր, երբ մեր երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հերթական կոնֆլիկտի մեջ մտավ լրագրողների հետ։ Կառավարության նիստից հետո նա իջավ ու անգամ տարրական քաղաքավարություն չդրսևորելով ու չբարևելով աստիճանների վրա կանգնած լրագրողներին, փորձեց հեռանալ, երբ լրագրողներից մեկը նրա հետևից նետեց, թե՝ «միայն թուրք գործընկերների՞ն եք հարցազրույց տալիս»։ Միրզոյանը հետ դարձավ ու վրդովված սկսեց հոխորտալ լրագրողների հասցեին և ամոթանք տալ նրանց:
«Նախ, ես համարում եմ էս ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ, և սա քաղաքական ակցիա է, ամոթ ձեզ»,- ձեռքը գրպանը դրած, մատը մեր կողմը տնկած՝ նենգ ու ագրեսիվ հայացքով վրա տվեց Միրզոյանը։
MediaHub-ը նրան հակադարձեց, որ ամոթ իրեն, որ գալիս մեզ ամոթանք է տալիս ու հեռանում, փոխանակ կանգնի, նորմալ պատասխանի մեր հարցերին։ Միրզոյանն էլ նորից, նույն ագրեսիվ տոնով շարունակեց․ «Հայերեն եմ ասում, լսեք, երբ որ ձեզնից մեկը ասում է՝ «մենակ թուրք գործընկերներին եք պատասխանում», ես լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, իսկ Դուք Ձեր չափերի մեջ մնացեք»։
Այսքանով ավարտվեց լեզվակռիվը, որ սկսել էր ԱԳ նախարարը։ Ու այս մարդը՝ այսպիսի պահվածքով, այսպիսի արժեհամակարգով և մարդկանց հետ շփվելու այսպիսի «ունակությամբ» գնում և մեր երկրի անունից բանակցում է մեր թշնամիների կամ դաշնակիցների հետ։ Այս խելքով են բանակցում, դրա համար էլ այս օրի է մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը։
Մարդ, որ իր երկրի ներսում իր հայրենակիցների, իր երկրի լրագրողների հետ շփվելու, կառուցողական հարաբերություն հաստատելու տարրական ձիրք չունի, ինչպե՞ս է բանակցելու երկրից դուրս այլ գործընկերների հետ։ Միրզոյանը երևի միայն թուրք և ադրբեջանցի գործընկերների մոտ է իրեն կիրթ ու կառուցողական պահում, իսկ Հայաստանում ընդդիմադիրների և իրեն հարցեր ուղղող լրագրողների հանդեպ «առյուծ է կտրում»՝ մոռանալով, որ ինքն ընդամենը Արարատ Միրզոյանն է, ու այն մարդը չէ, որ կարող է հոխորտանքներով խոսել որևէ մեկի, առավելևս՝ լրագրողների հետ, էլ չենք ասում՝ վիրավորել ու դա հեշտությամբ մարսել։
Վահե Մակարյան