Երիտասարդությունը, հայ հասարակությունը քիչ է գիրք կարդում․ ո՞րն է պատճառը

Փետրվարի 19–ին նշվում է գիրք նվիրելու օրը: Փորձագետները ահազանգում են, որ 21–րդ դարում ու, մասնավորապես, հայ հասարակությունը, սկսել է գիրք քիչ կարդալ:
MediaHub–ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք բերել են այս պատկերին։ «Իմ կարծիքով՝ հիմա հասարակությունը տարված է սոցիալական, տնտեսական և այլ հարցերով, և շատ քիչ են գիրք ընթերցում։ Հասարակությունը վերջին մի քանի տարիների ընթացքում մի քիչ դրական հայացք է ուղղել գրքին, բայց մեր մեծ գրական ժառագության և ընդհանրապես՝ գրականության հանդեպ բավարար հետաքրքրասիրություն չի»,- նշեց նա։
Միլիտոնյանի խոսքով՝ երիտասարդությունը, հիմնականում, հեռախոսներով են զբաղված, թեև ընդունեց, որ դա հնարավորություն է տալիս նաև գեղարվեստական գրքեր ընթերցել կամ սոցցանցերում գրական ստեղծագործություններին ծանոթանալ:
Հարցին՝ արդյո՞ք հասարակությունը հետաքրքրված է ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններով, Միլիտոնյանը նշեց, որ հետաքրքրությունը փոքր է։
«Ամեն տարի այս օրը և ոչ միայն, դպրոցներ ենք ուղարկում գրողներին, գնում են հանդիպումների։ Դպրոցներում վերջին մի երկու տարում Ագատա Քրիստի են հանձնարարել կարդալ, չեմ հասկանում՝ ո՞վ է հանձնարարել և ինչի՞ դետեկտիվ գրականություն, իհարկե, եթե ուզում են թող կարդան, բայց կցանկանայի, որ կարդան մեր ժամանակակից գրողներին, որոնց գրականությունը համընկնում է դպրոցական դասագրքերի բովանդակությանը»,– ասաց նա։
Ըստ նրա՝ ժամանակակից հայ գրողների նկատմամբ կա ոչ քննական վերաբերմունք դասագրքերում ընդգրկելու տեսակետից։ Միլիտոնյանը նշեց, որ չնայած այս ամենի, հայկական ժամանակակից գրականությունը շատ հետաքրքիր է և թարգմանվում է բազմաթիվ լեզուներով, հրատարակվում են գրքեր տարբեր երկրներում:
Իսկ պետության վերաբերմունքն ինչպիսի՞ն է։ «Հայաստանում պետականորեն արվեստը գնահատելու որևէ մրցանակ չեք հանդիպի. Իսպանիայում, օրինակ, կա, իսկ Հայաստանում՝ ոչ։ Եվ, փաստորեն, մենք մշակույթի նկատմամբ չունենք բարձր հոգածությունը, գնահատելու չափորոշիչները, և սա միայն գրողին չի վերաբերվում։ Երգիչ-երգչուհիներ են հայտնվում ամեն օր, իրենք են դարձել հայ ժողովրդի համար արվեստի հիմնական դեմքերը և՛ սփյուռքում, և՛ ՀՀ–ում։ Իսկ գրողի ու արվեստագետի նկատմամբ հոգածություն չկա»,– ասաց Միլիտոնյանը։
Հայաստանի գրողների միության նախագահը հավելեց, որ դպրոցներում, մեր միջավայրում, փողոցներում, սերիալներում, ֆիլմերում գռեհկաբանությունները, կոշտ ու կոպիտ լեզուն խանգարում են երեխաներին ճիշտ լեզվի միջոցով ընկալելու կյանքը, և փողոցներում, բանակում սպանությունների հիմքերից մեկը հենց այդ գռեհիկ լեզվի պատճառով է․․․
Մարիաննա Արամյան