Գերիների ցուցմունքերի ինֆորմացիան գալիս է թշնшմի երկրից, նպատակը հաստատ մեզ օգնելը չէ

Գերիների ցուցմունքերի ինֆորմացիան գալիս է թշնшմի երկրից, նպատակը հաստատ մեզ օգնելը չէ

Բաքվում երեկ շարունակվել է այնտեղ պահվող հայ գերիերի, պատանդների, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը: Դատից մանրամասներ են հաղորդում միայն Ադրբեջանի պետական լրատվամիջոցները։  

Ըստ այդմ, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, իբր, «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին պատերազմը դադարեցնելու մասին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը: 

«Ես երեկ սա կարդացել եմ ադրբեջանական տելեգրամ ալիքներով, որտեղ մեկնաբանությունների բաժնում թշնամու ջրաղացին ջուր էին լցնում մերոնք՝ Ալիևին առաջարկում վառել, պատժել իրենց ձևակերպմամբ «այդ դավաճաններին»։ Բոլոր նրանք, ովքեր հիմա ուրախանում են, կա՛մ բանականությունից զուրկ են, կա՛մ կապ չունեն Հայաստան պետության հետ։ Մանավանդ մեր օրերում իշխանություններից միշտ դավաճանություն կարելի է սպասել, բայց ո՞վ կմտածեր, որ մենք՝ որպես ազգ, այդքան հիմար ենք։ Վերջին 2-3 տասնամյակում մենք բարոյալքվել ու դեգրադացվել ենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը։

Ըստ ադրբեջանական Report-ի՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իր ցուցմունքում հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին՝ Հայաստանի կանոնավոր բանակի կազմում։ Չի խոսել հրամաններից։ Ծառայությունից ազատվելուց հետո՝ ընդհանուր առմամբ նա բանակի հետ կապ չի ունեցել:

«Այդ մարդիկ ռազմագերի են։ Նրանք մեկն են մեզանից։ Ես միշտ բացասական եմ վերաբերվել այդ մարդկանց, ուղղակի հիմա դրա մասին խոսելու հարմար պահը չի։ Պետք է հաշվի առնել, որ այդ ինֆորմացիան գալիս է թշնամի երկրից, նպատակը հաստատ մեզ մի բանով օգնելը չէ, մանավանդ, որ դատավարությունն ընթանում է անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ»,- հավելեց նա։  

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ 

Այժմ շարունակվում է Արցախի նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հարությունյանից ու Մնացականյանից բացի ցուցմունք են տվել նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։

Հունան Թադևոսյան