Դիտորդները եկան. կայունություն, թե՞ առճակատում

ԵՄ պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։
«Առաքելության նպատակներն են Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության պահպանումը, հակամարտությունից տուժած շրջաններում վստահության, մարդկանց անվտանգության և ԵՄ աջակցությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովումը», - նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
ԵՄ խորհուրդը նաև տեղեկացրել է, որ առաքելության կենտրոնակայանը տեղակայվելու է Եղեգնաձորում։
Եթե ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան դրական է գնահատվում մեր երկրում, որովհետև այն անվտանգության և կայունության որոշակի երաշխիք է, ապա Մոսկվայում այս փաստը զգայուն արձագանքի տեղիք է տվել:
«Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Հարավային Կովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի՝ ԵՄ-ի նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան։
Իհարկե, Հայաստանի իշխանությունը պարտավոր է այլընտրանքային միջոցներ փնտրել՝ Հայաստանի անվտանգային մակարդակը բարձրացնելու նպատակով ու այդ համատեքստում պետք է դիտարկել ԵՄ դիտորդական առաքելությունը: Մյուս կողմից, պաշտոնական Երևանը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի խորացումը կանխելու նպատակով:
Ըստ այդմ, ԵՄ դիտորդական առաքելությունը չպետք է դիտարկվի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության համատեքստում ու այդ մասին ուղերձներ պետք է հասցեագրվեն Մոսկվա:
Մի կողմից, Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ պետք է ավելացնի իր անվտանգային կարողությունները, մյուս կողմից՝ պետք է խուսափի այնպիսի սցենարներից, որոնք մեր երկիրը կդարձնեն աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:
Վահրամ Բագրատյան