Տոկաևի «հարվածը»՝ Փաշինյանին

Տոկաևի «հարվածը»՝ Փաշինյանին

Երեկ ժողովրդին ուղղված ուղերձում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է՝ օրենսդրորեն արգելվելու է, որպեսզի նախագահի մերձավոր ազգականներն այսուհետ աշխատանքի անցնեն քաղաքական պաշտոններում ու ղեկավարներ դառնան քվազիպետական սեգմենտում։

Ղազախստանն, իհարկե, դեմոկրատական երկիր չի դարձել, բայց վերջին հուզումներից հետո, այդ երկրի ղեկավարությունը փորձում է հասարակությանն ընդառաջ քայլեր անել, վերացնել անարդարության մթնոլորտը, պայքարել Նուրսուլթան Նազարբաևի ստեղծած բիրտ կլանային համակարգի, նախկին նախագահի թողած քաղաքական և ինստիտուցիոնալ ժառանգության դեմ։
Բայց հետաքրքիր է, որ այս պարագայում, ժողովրդավարական ավանդույթներ չունեցող Ղազախստանի փորձը կարող  է վարակիչ լինել Հայաստանի համար, որը՝ թեև ստացված հեղափոխություն է ապրել, սակայն կադրային քաղաքականության մեջ չի կարողացել ձերբազատվել «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր սկզբունքից։

Հիմա պատկերացրեք, որ ղազախական մոդելը գործի Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանի աներձագը ԱԺ պատգամավոր է, քավորը Տավուշի մարզպետ է, վերջինիս եղբայր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է, վարչապետի սանիկը եղել է մարզպետ, հետո դարձել կոմիտեի նախագահ, հիմա հավակնում է քաղաքական պաշտոնի ՏԻՄ համակարգում։ Համոզված եմ՝ սա ամբողջական ցանկ չէ ու թվարկումը կարող է շարունակվել։

Ավտորիտար կառավարմանը հակված Տոկաևը «դաս» է տալիս «ժողովրդավար» Փաշինյանին։ Իհարկե, կասկած չունենք, որ Հայաստանի գործող վարչապետը՝ պոպուլիզմի իր հարուստ զինանոցով, կփորձի ապացուցել, որ երկրագնդի վրա իր աներձագի պետ պրոֆեսիոնալ օրենսդիր չկա կամ, որ Տավուշն այնքան մեծ կադրային սովի մեջ է, որ չի կարող յոլա գնալ առանց քավոր Ղալումյանի։

Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը սկսել է հասկանալ՝ «ժողովրդավարական» Հայաստանում հովանավորչությունն ավելի մեծ տեղ ունի, քան, օրինակ՝ ավտորիտար երկրներում այդ թվում՝ Ղազախստանում։ Եթե նույնիսկ Փաշինյանն ամբողջ օրը հեքիաթներ է պատմում հայաստանյան «աննախադեպ ժողովրդավարության» մասին․․․

Վահրամ Բագրատյան