Անցաթուղթ չկա, լուսառատցիներն էլ չեն կարողանում հող մշակել

Անցաթուղթ չկա, լուսառատցիներն էլ չեն կարողանում հող մշակել

Արարատի մարզի Լուսառատ համայնքի բնակիչները, գյուղատնտեսական տարվան ընդառաջ, կանգնել են փաստի առաջ․ իրենց հողամասերում աշխատանք կատարելու համար գյուղացիները ստիպված են հինգ օրը մեկ տասը կմ հատելով` հասնել մարզկենտրոն Արտաշատ, այնտեղ, մարզպետի միջնորդությամբ ստանալ անցակետ, որպեսզի կարողանան իրենց հողը մշակել։

Համայնքի ղեկավար Սիրանույշ Ֆարֆարյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ լուսառատցիներն իրենց հողեր մուտք գործելու համար պետք է ունենան ռուսական սահմանապահ ծառայության կողմից տրամադրված անցաթղթեր, քանի որ հենց ռուս սահմանապահներն են ապահովում նրանց անվտանգությունը։

«Մշակվող հողերը զաբոռներից (ցանկապատ, խմբ․) այն կողմ են, այսինքն՝ մեր վարչական տարածքում են գտնվում, բայց զաբոռներ կան, դրանցից այն կողմ էլ են մշակում։ Բա որ չդիմեն անցաթղթերի համար, ո՞նց կլինի»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չի համայնքապետարանը դիումները ներկայացրել, որպեսզի քաղաքացիները ողջ գյուղատնտեսական տարվա համար անցաթուղթ ստանան, Սիրանույշ Ֆարֆարյանը պատասխանեց՝ ասելով, որ մեկ հոգի է այդ բոլոր դիմումները կազմում, իսկ դիմողների թիվը խիստ մեծ է։

«Մարդիկ կան, որ մենակ չեն գնում, այլ նաև իրենց հետ աշխատող բանվորների են տանում, իսկ անցաթուղթ ստանալու համար անվտանգային բոլոր կառույցներով անցնում են դիմումները։ Բացի այդ, այս տարի գյուղատնտեսական տարին մի քիչ ավելի շուտ սկսվեց, և մենք էլ ստիպված գնացինք հնգօրյա ժամկետով անցաթղթեր տրամադրելու ուղղությամբ»,- ասաց նա։

Նշենք, որ մարզպետարանը ևս խնդրին ծանոթ է։

Մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է։ Նրա խոսքով՝ խնդիրն առաջիկա օրերին լուծում կստանա։

Նարե Գևորգյան