ՀՀ քաղաքացիները «WhatsApp»֊ով օտարերկրացիներից զանգ են ստանում. ի՞նչ անել

ՀՀ քաղաքացիները «WhatsApp»֊ով օտարերկրացիներից զանգ են ստանում. ի՞նչ անել

Քաղաքացիները շարունակում են «WhatsApp» հավելվածով զանգեր ստանալ արտասահամանյան համարներից, որոնք, թվում է, իրական մարդկանց հեռախոսահամարներ են: 
Մեկ ամիս առաջ MediaHub-ը գրել էր, որ քաղաքացիներին զանգում են և գրում են «WhatsApp» հավելվածով այլ ազգի ներկայացուցիչներ։ Մեդիափորձագետները նշում են, որ պետք չէ խուճապի մատնվել, երբ զանգում են «WhatsApp»-ով անհայտ համարից։ Սակայն ահազանգերից պարզ է դառնում, որ զանգերը շարունակվում են։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց․ 

«Օրեր առաջ անծանոթ, օտարերկրյա համարից «WhatsApp» հավելվածով նամակ եկավ, միշտ զանգում են, չեմ պատասխանում, բայց քանի որ փոքրիկիս կողքին էի, որ քներ, դրա համար պատասխանեցի ու մի քանի բան գրեցինք իրար։ Անգլերենս շատ լավ չէ, բայց translate-ով օգտվեցի, ասում էր առաջին 5$-ը կաշխատես, եթե էս քայլերն անես, միանաս մեզ, Youtube֊յան էջի բաժանորդ լինես... գտա էջը, եղա, ասաց էս էջերը լրացրեք, որ վաստակեք 5$-ը, ասացի ցավում եմ, այստեղ ստոպ, չեմ կարող, քանի որ չգիտեմ ձեզ և չեմ վստահում»:

Քաղաքացին նշեց, որ իրեն զանգահարել են  +2347036207587 համարից, երբ ցանկացել է պատասխանել, անջատվել է.

«Դա կրկնվել է երկու անգամ իմ տարբեր համարներին, ես բլոկավորեցի, հույս ունեմ ոչ մի բան չի լինի։ Ասում են՝ կարող է քարտերից փող քաշեն և այլն»,- նշեց մեզ ահազանգած  քաղաքացին։

Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին անդրադարձել էր այս թեմային և նշել, որ ուղղակի պետք է անտեսել այդ զանգերը․ 

«Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի։ Առաջին տեսակն այն մարդիկ են, ովքեր համարում է, որ իրենց հետ երբեք ընդհանրապես ոչինչ չի լինի, մյուսն այն մարդիկ են, որոնց հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով,  կամ գրում են «Hi» ու այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իր հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են։

Մարդը միանգամից հեռախոսից ամեն ինչ ջնջում է, գաղտնաբառերը փոխում է, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Viber -ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում, քանի որ համարում է՝ բանկային քարտից ամեն ինչ տարել են։ Իրականում հանգիստ ապրեք, կան հարձակվելու տենց ձևեր, օրինակ՝ «Պեգասուս» հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ի զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ հասարակ քաղաքացիներին: Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,– գրել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այս մեթոդը նոր չէ, հիշյալ հավելվածներով զանգեր քաղաքացիները պարբերաբար ստանում են՝ Մադագասկարից, Մոզամբիկից, նման այլ երկրներից, և միշտ փորձագետները զգուշացնում են, որ դրանց պետք չէ պատասխանել:

Մարիաննա Արամյան