Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին ազատ են արձակել․ ՆԳՆ-ի հերթական էժանագին շոուն

Երեկ երեկոյան Թումանյան փողոցում ոստիկանությունը հերթական մասկի շոու-օպերացիան էր իրականացնում։ Այս անգամ որոշել էին իբր ապօրինի զենք կրելու կասկածանքով «ասֆալտին պառկեցնել» իրենցական մեկի՝ իշխանական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) թիկնապահներին։ Դիմակավորված անձինք «լուրջ դեմքով» կանգնեցրել էին Սուքիասյանին ուղեկցող Toyota Prado ամենագնացը, որում պատգամավորի թիկնապահներն էին գտնվում, և իրենց հատուկ էժանագին մեթոդներով բերման ենթարկել՝ իբր ապօրինի զենք են կրում։ Մեզ երեկ ասացին՝ չորս անձ է այս «օպերացիայի» արդյունքում բերման ենթարկվել։
Քիչ առաջ MediaHub-ը ՆԳՆ-ից տեղեկացավ, որ նշված չորս անձինք ազատ են արձակվել։ Այսինքն՝ ոչ մի ապօրինի զենք էլ չի հայտնաբերվել նրանց մոտ։
Սա ՆԳՆ-ի հերթական էժանագին շոուն է, որ պարբերաբար կազմակերպում է մայրաքաղաքի փողոցներում, ու հիմա էլ որոշել են այդ շոուի մասնակցի դարձնել իշխանական օլիգարխին ու իր թիկնապահներին, որ ցույց տան, թե «իրենց էլ չեն խնայում»։ Հանրությունն էլ երևի երեկ հավատում էր, թե «հեսա Գռզոյի ախռանիկներին կձերբակալեն ու կնստեցնեն»։
Վահե Մակարյան